շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելի վարչապետին սպանած հրեան մասնակցել է Երուսաղեմի հայկական եկեղեցու դեմ ակցիային

Իսրայելի վարչապետին սպանած հրեան մասնակցել է Երուսաղեմի հայկական եկեղեցու դեմ ակցիային

Իսրայելի Երուսաղեմի հայկական թաղամասում, մասնավորապես Երուսաղեմի հայկական եկեղեցու դիմաց երեկ երեկոյան իսրայելցիների մի մեծ խումբ բողոքի ակցիա էր իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցները հուդդայական աղոթքներ էին բարձրաձայն արտասանում և հայտարարում էին, որ Իսրայելը միայն հրեաների համար է:

Իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ցույցին մասնակցում էին հրեա ազգայնականները:

«Իմ տեսածից դատելով կարող եմ ասել, որ այս ակցիայի մասնակիցները ազգայնականներն են կամ ինչպես այլ կերպ են իրենց անվանում՝ Իսրայելի վերաբնակեցվածները: Իսրայելում կա երկու խումբ, որոնք պայքարում են այլ կոնֆեսիանների դեմ՝ օրթոդոքսերն ու ազգայնականները, ընդ որում երկրորդներն ավելի վտանգավոր են, քան առաջինները, քանի որ նրանք ամեն պահի պատրաստ են դիմել բռնության բոլորի դեմ՝ քրիստոնյաների,մուսուլմանների և նույնիսկ պետության ներկայացուցիչների դեմ՝ ընդ որում սա ավելի հաճախ է տեղի ունենում: Նրանց ուզածը մեկն է՝ վռնդել Իսրայելից բոլոր այն մարդկանց, ովքեր Աստծուն հավատում են այլ կերպ ու դրա համար պատրաստ են նաև արյուն թափել՝ սա ազգայնականության 100-անոց դրսևորում է»,-ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե ովքե՞ր են կանգնած ազգայնականների հետևում, ովքե՞ր են նրանց ուղղորդում, նշեց. «Նրանց հետևում ոչ ոք էլ չկա՝ նրանք մի առանձին խումբ են մեր հասարակության մեջ, ովքեր ատելությամբ են լցված, կրոնական ֆանատիզմով ու կույր հավատով առ այն, որ Իսրայելում պետք է ապրեն միայն հրեաները: Հետաքրքիրն այն է, որ նման խմբերի անդամները սովորաբար ոչ թե Իսրայելում, այլ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում ծնվածներն են, որտեղ էլ որ նման գաղափարի ուժեղ քարոզչություն է տարվում»:

Կորսունկին ասաց, որ այս շարժման հիմնադիրը Ռաբբին Մեյր Կաանան է, ով ծնվել է ԱՄՆ-ում և ում կուսակցությունը Իսրայելի խորհրդարանից հեռացվել է էքստրեմիստական գաղափարների համար:
«Ի դեպ՝ Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունում՝ ՇԱԲԱԿ-ում, գոյություն ունի առանձին բաժին, որը հենց այդպիսի խմբերով է զբաղվում և կոչվում է Հրեական բաժին: Երեկվա ակցիային մասնակցել է նաև 1996 թվականին Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինին գնդակահարած Իգալ Ամիրը»,-ասաց իսրայելցի քաղաքագետը:

Մեննի Կորսունսկին հավելեց, որ Իսրայելի կառավարությունը պարտավոր է պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Իսրայելում՝ գոնե հետևելով 1948 թվականի հռչակագրին, որտեղ ամրագրված է, որ Իսրայելը լինելու է հրեական դեմոկրատական երկիր, որտեղ պաշտպանվելու են բոլոր բնակիչների իրավունքները՝ անկախ կրոնից, սեռից, ազգությունից:

«Բացի այդ Իսրայելը որոշում է ընդունել, որտեղ նշվում է, որ պետությունը պահպանում է ստատուս քվո Երուսաղեմի տարբեր կոնֆեսիաների նկատմամբ: Ցանկացած դեմոնստրացիա, որը հիմնված է նման գաղափարների վրա, արդեն իսկ շատ վտանգավոր է, քանի որ կարող են կործանարար իրավիճակների հանգեցնել: Հիշենք նացիստական Գերմանիան, այնտեղ նույնպես ամեն ինչ սկսվեց դեմոնստրացիաներից ու քայլերթերից, իսկ ինչով ավարտվեց՝ բոլորս ենք լավ հիշում»,-եզրափակեց Կորսունսկին:

  • Կիսվել: