ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխան Վահանյանը շատ լավ իմացել է, թե երեխեքին ուր է տանում. զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայրը դատարանում ցուցմունք է տվել

Իշխան Վահանյանը շատ լավ իմացել է, թե երեխեքին ուր է տանում. զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայրը դատարանում ցուցմունք է տվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 9-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, հաղորդում է News.am-ը:

Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ որդին ծառայել է Ջաբրայիլի զորամասում. «Սեպտեմբերի 15-ին կարանտինից դուրս էր եկել, սեպտեմբերի 18-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը եղել է զորամասում: Այնտեղ որդուս տեսել եմ: Մինչեւ Ռաֆիս տեսնելը խոսակցություն էր գնում տվյալ անձի վերաբերյալ, որ երեխեքին նա նեղացնում է: Ռաֆիս ընկերներն ինձ պատմեցին, որ խոսքը Վահանյանի մասին է»:

 

Զոհվածի մայրն ասաց, որ սեպտեմբերի 23-ին ուսումնական գումարտակի 1-ին վաշտի զինծառայողներին հանել են մարտական գործողությունների նախախատրաստական վարժանքների. «Որդիս արժանացել էր պատվոգրի, մեդալների, ամսի 25-ին որդիս ասաց, որ բոլորի հեռախոսները եւ զինգրքույկները հավաքել են, բայց իր մոտ կար հեռախոս: Սեպտեմբերի 27-ին երբ եղավ պատերազմը էլի խոսել եմ հետը անընդհատ մինչեւ հեռախոսների մարտկոցների նստելը, դրանից հետո տարբեր համարներից էր ինձ զանգում»:

 

Մոր խոսքով՝ որդին իրեն պատմել է, որ իրենց գումարտակն ապահով վայրում չէ. «Չի եղել 2-րդ եւ 3-րդ գիծ, բոլորն 1-ին գիծ են եղել ու խրամատն էլ տղաների ծնկներից էր: Երբ դիվերսիոն խմբեր էին մտնում, երեխեքը խուճապահար մեկը մյուսի վրա էին կրակում: Որդիս պատմում է, որ զինակից ընկերներից մեկը վնասվածք է ստացել, էս չակերտավորն ասել է երեխեքին՝ եթե մեկդ գնաց, սաղիդ լեշ եմ սարքելու: Երեխեքին չեն թողնում, որ գնան Խըդրին հանեն, այդ տղան մտնում է մարմինների տակ, հետո կողքով ինչ-որ կամավորական է անցնում, եւ նրան դուրս են հանում: Սեպտեմբերի 29-30-ին երեխեքը գալիս ու հասնում են Արա լեռ, նորից մարտեր են վարում, ահագին տանջանքների մեջով են անցնում առանց սպայական անձնակազմի, ու գալիս են Հադրութ: Այդ ժամանակ Ռաֆիս հետ եմ խոսում, ասում եմ՝ ճանապարհի տակի հատվածով արի, որ գերի չընկնես, որդիս ասաց՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ, ասում եմ՝ էդ տեսակ բաներ մի խոսի»:

Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ հոկտեմբերի 3-ին զինծառայողները հասնում են Հադրութ, անտառներում կրկին մարտեր են ընթանում: Հադրութում ռազմական ոստիկանները զինծառայողներին գտնում ու իրենց մոտ են տանում. «Ռաֆս ասաց՝ մենք մոլորվել ենք, որովհետեւ սպայական անձնակազմ չկա, մենք չգիտենք՝ ճանապարհը որտեղ է: Ռազմականը 2 օր անց տանում է Հադրութի զորամաս, այնտեղ փոխվում են, նոր շորեր են հագնում ու տանում են Հադրութի դպրոց: Հոկտեմբերի 8-ին Հադրութի դպրոցը թիրախավորվում է, այնտեղ տալիս են վիրավորներ, զոհերի մասին տեղյակ չեմ: Այդ օրերին Ջալալի հրամանով, սա էլ է էնդեղ լինում (նկատի ունի ամբաստանյալին), երեխեքին պիտի հանեն դիրքեր: Որդիս Հայկազի հետ կոնֆլիկտ է ունենում, նա էլ ասում է՝ հենց առաջինը դու ես գնալու»:

Զոհվածի մայրն ասաց, որ որդին հոկտեմբերի 10-ին 18 զինծառայողների հետ ընկնում է շրջափակման մեջ. «Այդ ժամանակ տարբեր անձնանց զանգում եմ, որպեսզի կարողանան որդու շրջափակումից դուրս հանել, Արցախի ԱԻՆ-ը գնում է այդ ուղղությամբ, սակայն լինում է դիվերսիա, ու էլ չեն գնում: Ամսի 12-ի առավոտյան Ռաֆս զանգեց ու ասեց, որ նույն վայրում է ու նույն կարգավիճակում: Նրա հետ կար տասնյակից ավելի զինվորներ, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում: Վերջին կապը դա է եղել: Սրա մոտ եղել է հեռախոս (նկատի ունի ամբաստանյալին), կապի մեջ է եղել, եւ շատ լավ իմացել է, թե երեխեքին ուր է տանում: 18 զինվորից ոչ մեկ կենդանի չի մնացել»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: