երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսակովի պողոտայում 23-ամյա վարորդը Lexus-ով ընկել է բաց դիտահորի մեջ

Իսակովի պողոտայում 23-ամյա վարորդը Lexus-ով ընկել է բաց դիտահորի մեջ

Հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, ՌԴ և Հայաստանի քաղաքացի 23-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած Lexus LX  մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, ճանապարհի բաց դիտահորի պատճառով ընկել է դրա մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանը, կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր վաշտի հրամանատար Գ. Թորոսյանի հետ տարածքից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, ովքեր չգիտես ինչու ցանկանում էին մեքենաները կայանել, «թամաշա» անել, սակայն պարեկներին հաջողվում էր նրանց հեռացնել դեպքի վայրից: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Երթևեկության այդ խիստ ժամին, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է տեղի ունենար շղթայական ավտովթար և չէր բացառվի, որ կլինեին նաև վիրավորներ, իսկ եթե Երևանի քաղաքապետարանն ու նշված հատվածը սպասարկող վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակին այդ դիտահորը, որն ամբողջությամբ լցված է ցեխով ու կեղտով, մաքրեին ու դիտահորի կափարիչը տեղադրեին՝ վթարը տեղի չէր ունենա: Գ

ոնե այս դեպքից հետո պատկան մարմինները «ջայլամի կեցվածք» չընդունեն կամ էլ առաջիկայում Երևանի ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին ճիշտ հանձնարարական տա, որպեսզի իրենց շրջաններում գտնվող բոլոր բաց դիտահորերը, որոնք ռեալ վտանգ են ներկայացնում վարորդների համար, կափարիչներով փակվեն ու կարգի բերվեն:Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում  նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: