երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրենք իրենց պապաներով էդքան չկան, որ նույնիսկ երեք դաշնակցականի հետ բախվեն, կարողանան ծեծել. ՀՅԴ անդամ

Իրենք իրենց պապաներով էդքան չկան, որ նույնիսկ երեք դաշնակցականի հետ բախվեն, կարողանան ծեծել. ՀՅԴ անդամ

Միջադեպն իմ հետ է եղել, իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա ներկայացրեց մանրամասներ միջադեպից՝ ասելով. ՛՛Էդ Հրաչիկի՝ Նիկոլի աներձագի ու իմ միջեւ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբինյանի օգնականը զանգում, կանչում է իր կաբինետ, որ հասկանանք, պարզաբանենք: Մտել եմ էնտեղ, 40 հոգով հարձակվել են վրաս: Որ ասում են՝ ծեծել են, դուք էստեղ ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք: Ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք, ու ինչքան պետք ա կոխելու՝ կոխել ենք:

Միջադեպը եղել է այսպես. միջանցքով քայլելուց մեկը թե՝ արա: Ասում եմ՝ ո՞ւմ հետ ես, ի՞նչ էիր ասում: Բա՝ չէ: Էդ ա եղել, անցել, գնացել է: Հետո Ռուբինյանի օգնականը հրավիրել է սուրճ խմելու: Ես սուրճ խմելու չէի գնացել, գնացել էի պարզաբանման համար։ Գնացել եմ էնտեղ, ի՞նչ սուրճ, ի՞նչ բան, ի՞նչ ծեծ: Ծեծկռտուք է եղել, քաշքշոց է եղել: Իրենք իրենց ամբողջ ոհմակով, իրենց պապաներով էդքան չկան, որ նույնիսկ երեք դաշնակցականի հետ բախվեն, կարողանան ծեծել: Սենյակում 3 հոգով էին, սենյակից դուրս գալուից 30-40 հոգով հարձակվել են: Անվտանգության աշխատակիցներն էլ խելոք կանգնած էին, չեն միջամտել՛՛: Նա նշեց, որ այդտեղ են եղել նաեւ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաեւ Սիսակ Գաբրիելյանին։

  • Կիսվել: