ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իրենք ինձ լավ չեն ճանաչում, սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու». Գեւորգ Պետրոսյանը մանրամասներ է պատմում

«Իրենք ինձ լավ չեն ճանաչում, սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու». Գեւորգ Պետրոսյանը մանրամասներ է պատմում

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում։

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանը երկու օր առաջ պարեկների կողմից իր ձերբակալության դեպքից մանրամասներ պատմեց։

«Միգալկաները (փարոսիկ- խմբ․) միացրած իմ հետեւից գալիս էին, մտածեցի՝ ճանապարհ են ուզում, աջ քաշեցի ու կանգնեցի, իմ դիմացը փակեցին,  զարմացա, որովհետեւ ես որեւէ խախտում չէի արել։ Ի՞նչ է նշանակում անկանոն երթեւեկել։ Իրենք չկարողացան քննչական մարմնում պատասխանել այդ հարցին։ Վարչական օրենսգրքի կամ ճանապարհային երթեւեկության ո՞ր կանոնն եմ խախտել՝ չպատասխանեցին այդպես էլ։ Կանգնելուց հետո եկան մեքենայի դուռը բացեցին, թեւիցս քաշեցին, ասացին՝ դուրս արի, ձերբակալված ես։ Նման բան ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Ես իրենց ասացի՝ ազատեք իմ ճանապարհը, ես ինձ վատ եմ զգում, սրտի առիթմիա ունեմ, մեկ է, ասացին՝ եկեք, գնում ենք բաժին։ Ինձ ուզում էին հարկադրաբար հանել մեքենայից, բայց ֆիզիկական տվյալներս թույլ չտվեցին»,- պատմեց Պետրոսյանը։

Դրանից հետո Գեւորգ Պետրոսյանը շարունակել է մեքենան վարել, գնացել՝ իրենց բակ։ Րոպեներ անց Պետրոսյանի խոսքով՝ ոստիկանական չորս մեքենա եկել է իր հետեւից եւ ձերբակալել։ Նա տեղափոխվել է նարկոդիսպանսեր։

«Չապացուցվեց նաեւ, որ ես հարբած եմ եղել։ Ինձ ասացին փչի, ես ասացի՝ փչող չեմ, ես շատ-շատ արտաշնչեմ։ Իրենց սարքը ոչինչ ցույց չտվեց։ Ես ասացի՝ եթե ցույց չի տալիս, ինչո՞ւ եք ձերբակալում։ Իմ զգացողությունը վատացավ, շտապ օգնություն եկավ, ասացին՝ ինքը հենց հիմա պետք հոսպիտալացվի։ Այնքան անբարոյականներ էին, որ ասացին՝ չէ, տարեք ոստիկանություն։ Ինձ հարկադրաբար իջեցրել են շտապ օգնության մեքենայից, իրենց մեքենայով ու ձեռնաշղթաներով տարել են ոստիկանություն։ Ես համարյա երկու օր անցկացրի կալանավայրում, բայց չեմ կարող շնորհակալություն չհայտնել կալանավայրի աշխատակիցներին, որոնք շատ հարգալից էին ու իմ ոչ մի իրավունք չեն խախտել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Նախկին պատգամավորն այդպես էլ չի ստացել հարցի պատասխանը, թե որն էր իր ձերբակալության օրինական հիմքը։ Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ կատարվածի իրական նպատակն իրեն վախեցնելն է։

«Իրենք ինձ լավ չեն ճանաչում, ես սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու։ Ոստիկանի հետ առերեսման ժամանակ ասում եմ՝ ո՞ւր է բռնության ապացույցը, ասում է՝ չունեմ, ասում եմ՝ այ տղա, բա որ չկա, բռնությունը ո՞րն է, ասում է՝ ես այս տղա չեմ, ասում եմ՝ այ տղա էլ ես, դեռ մի բան էլ ավել։ Քո անօրինական բողոքի պատճառով ես երկու օր իմ ընտանիքից, ազատությունից զրկված եմ եղել։ Եթե ապացույց չունես, ես ի՞նչ գործ ունեմ կալանավայրում։ Եթե ես հիմա փորձեմ որպես փաստաբան հանդես գալ, կպահանջեմ նաեւ բարոյական վնասի փոխհատուցում, որ փաստորեն ապատեղեկատվություն է տարածվել դեպքի վերաբերյալ, իմ ընտանիքն էլ հոգեկան ծանր վիճակում էր հայտնվել։ Ես ամուր եմ, թող իրենք մտածեն իրենց ապօրինությունների հետեւանքների մասին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մարտի 11-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։

  • Կիսվել: