կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրավապահների կողմից երեխաների աչքի առաջ քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Իրավապահների կողմից երեխաների աչքի առաջ քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանների կողմից քաղաքացուն երեխաների աչքի առաջ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանությունն ուժ չէր կիրառի, եթե քաղաքացին կատարեր իրավապահների օրինական պահանջները. «Այլ բան է, թե որքան համաչափ են եղել ոստիկանության ձեռնարկած միջոցառումները։ Նշանակվել է ծառայողական քննություն, ապա հարուցվել է քրեական գործ»,- ասաց փոխոստիկանապետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ոստիկանները քաղաքի բնակիչ Վազգեն Ռաֆայելյանից պահանջել էին լքել ապօրինի շինարարության տարածքը։ Ռաֆայելյանը ավտոպահեստամասեր էր վաճառում եւ ավտոմեքենաներ էր նորոգում։ Երբ քաղաքացին հրաժարվել էր կատարել իրավապահների պահանջները, նրան ստիպողաբար նստեցրել էին ավտոմեքենան եւ տարել ոստիկանություն։ Այդ միջադեպից հետո տղամարդը հոսպիտալացվել էր։

 

  • Կիսվել: