Իրանը հայտնել է Արաքս գետի հնարավոր աղտոտումը վերացնելու նպատակով ՀՀ-ի հետ համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին
Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը հայտնել է Արաքս գետի հնարավոր աղտոտումը վերացնելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի ձևավորման և Հայաստանի հետ երկկողմ հանդիպումների անցկացման մասին՝ ասելով, որ ձևավորված աշխատանքային խմբի և փոխըմբռնումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում կվերացվի Արաքսի աղտոտվածությունը, գրում է parstoday.ir-ը:
Շաբաթ օրը 67 բնապահպանական ծրագրերի բացման արարողության ժամանակ Ալի Սալաջեղեն Արաքսի աղտոտվածության վերացմանն ուղղված Հայաստանի հետ համագործակցության վերջին իրավիճակի մասին ասաց․ «Հայաստանը լավ է կատարել իր պարտականությունները և մեկ ամսվա ընթացքում ներկայացրել է իր աշխատանքային խումբը։ Ձևավորվել է նաև մեր աշխատանքային խումբը։ Տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում, և հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը նպաստավոր մոտեցում կցուցաբերի»։
Սալաջեղեն հավելեց. «Որդեգրած այս գործընթացը մեծ թափով առաջ է ընթանում, և կարճ ժամանակահատվածում կարելի է լուծել Արաքսի աղտոտվածության խնդիրը»։