Ինչո՞ւ է փակվում Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը. պարզաբանում է Դումանյանը
Այդ առաջարկը եկել է բուհից, բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե Եղեգնաձորում Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը փակելու վերաբերյալ ահազանգեր և դժգոհություններ կան։
Նախարարը հիշեցրեց, որ խնդրին արդեն իսկ անդրադարձ է կատարվել երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում․ «Նախարարությունը բուհի հիմնավորումներն ընդունել է ի գիտություն։ Մենք շատ ենք խոսում բուհական ինքնավարությունից և սա այն հարցն է, որ բուհը հայտարարում է, որ ինքը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն»։
Դումանյանի խոսքով , հիմա քննարկման փուլում են, իր տեղեկություններով, դեռ վերջնական որոշում չկա․ «Բայց, այդպիսի հարց դրված է քննարկման։ Եվ դասախոսական կազմի հետ խնդիր կա, և ուսանողների քանակի, և ֆինանսական»,- թվարկելով բուհում առկա խնդիրները նախարարը նշեց, որ այս դեպքում նախարարության գործառույթը և պատասխանատվությունը որակյալ կրթության համար սկզբունքներ սահմանելն է, մասնագիտական ոլորտային քաղաքականություն վարելը։
Այն հարցին, թե ուսանողները դժգոհում են, որ պետք է մայրաքաղաք գան՝ կրթություն ստանալու համար, նախարարը հակադարձեց․ «Բարձրագույն կրթությունը պրոֆեսիոնալ կրթություն է և բարձրագույն կրթություն ստանալու համար մարդիկ շատ դեպքերում մեկնում են հեռավոր երկրներ, հայտնի կենտրոններ»։


