շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչ վիճակում են ԵՊՀ-ում պայթյունից տուժածները. մանրամասներ

Ինչ վիճակում են ԵՊՀ-ում պայթյունից տուժածները. մանրամասներ

Պայթյունից տուժած 3 վիրավորներից 2-ը «Արմենիա» բժշկական կենտրոնում են. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսը հետազոտվում է: Երրորդը, որը Պարեկային ծառայության աշխատակից է, «Հերացի» բժշկական կենտրոնում է, վիճակը բավարար է: Այս մասին ասել է «Արմենիա» ՀԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Պայթյունից վիրավորում ստացածի 66-ամյա անձի մարմնի 60 տոկոսն այրվել է։

«Այրվել է մարմնի 60 տոկոսը, սակայն 3-րդ 4-րդ աստիճանի այրվածք է։ Ունի վերին վերջույթների, դեմքի, գլխի վնասվածքներ։ Ավելի այրված է աջ հատվածը։ Կյանքին վտանգ սպառնում է։ Վերակենդանացման բաժանմունքում է»,- ասաց Աշոտ Կուրղինյանը։

Հարցին՝ արդյո՞ք այրվածքը քիմիական է, Կուրղինյանն ասաց․ «Ես հստակ չեմ կարող ասել։ Այրվածք է, սակայն բնույթն ինչպիսին է, թե քիմիական նյութից է, թե այլ բան, չեմ կարող ասել»։

Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք:

ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից:
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:

  • Կիսվել: