կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով. Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության

Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով. Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության

Ես բազմիցս ասել եմ՝ հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ՝ տամ, չտամ, երբ տամ, ինձ չեն հրավիրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քովիդի» գործով հարցաքննվելու վերաբերյալ հարցին։

«Երբ կարիքը կառաջանա, երբ քննիչները հարցաքննության անհրաժեշտությունը կտեսնեն, կհրավիրեն, ես էլ, իհարկե, կներկայանամ ու կտամ բացատրություն», - նշեց նա։

Ավանեսյանի խոսքով՝ ինքը միշտ եղել է թափանցիկ և չի թաքցրել՝ ինչպես է իրականացվում քաղաքականությունը քովիդի շրջանում և ինչի վրան են ծախսվում գումարները։

«Ես մշտապես եղել եմ հանրային կերպով շատ թափանցիկ, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ լրագրողներին, ինչ ունեմ ասելու՝ ասում եմ հանրային կերպով»,- հավելեց նախարարը։

Հարցին, թե որքանով է ազնիվ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անվճար բուժօգնություն են ստանալու, մինչդեռ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները ֆինանսական վիճակից ելնելով չեն կարողանում իրենց առողջական խնդիրները լուծել, Ավանեսյանը պատասխանեց, որ հարցը մանիպուլատիվ էր․

«Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած բոլոր քաղաքացիներն ամբողջական բուժօգնություն են ստացել Հայաստանում և, եթե կարիք է եղել, նաև արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ արտերկրում ստացած բուժման ծախսերը ևս հոգացել է պետությունը։

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին անվճար բուժօգնության տրամադրմանը՝ առողջապահության նախարարն ընդգծեց, որ համաձայն է նման որոշման հետ, քանի որ երկրի առաջին դեմքերն ու Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերը պետք է ունենան օրենքով սահմանված կարգով անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն։

  • Կիսվել: