շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչ է կատարվում հանրապետության ԲԿ-ներում կորոնավիրուսի ֆոնին. Ահազանգում են բուժաշխատողները` պարզաբանում է ԱՆ-ն

Ինչ է կատարվում հանրապետության ԲԿ-ներում կորոնավիրուսի ֆոնին. Ահազանգում են բուժաշխատողները` պարզաբանում է ԱՆ-ն

Կորոնավիրուսով պայմանավորված խառնաշփոթի ֆոնին խախտվել է հանրապետության բուժհաստատությունների գործունեության բնականոն ընթացքը` շատ բուժաշխատողներ ստիպված են եղել գնալ հարկադիր արձակուրդի, մյուսները, հակառակը, այս ժամանակահատվածում աշխատել են 24\7 ծանրաբեռնվածությամբ:

Բայց երբ եկել է աշխատավարձ ստանալու ժամանակը պարզվել է, որ համակարգը պատրաստ չէր ճկուն արձագանքելու ստեղծված իրավիճակին, չկային բուժաշխատողներին ըստ իրավիճակի վճարելու մշակված միասնական մոտեցումներ: Արդյունքում ստացվել է այնպես, որ հանրապետության մի շարք բուժհաստատությունների բուժաշխատողներ, գտնվելով հարկադիր պարապուրդում, ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել:

Խոսքը մասնավոր Բկ-ների մասին է: Եվ ստեղծված իրավիճակում Առողջապահության նախարարությունը իրավասու չէ միջամտել գործատու-աշխատակից հարաբերություններին, քանզի տվյալ ԲԿ-ները մասնավոր են: Փաստացի բուժաշխատողները իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ ու անօգնական վիճակում:

Երևանյան մեկ այլ պոլիկլինիկայից էլ մեզ ահազանգեցին, որ տնօրենի կամայական մոտեցմամբ պարգևավճարները հավասարապես են բաշխվել թե այս օրերին աշխատանքի հաճախող, թե արձակուրդը նախընտրած բուժաշխատողների միջև:

Իսկ ահա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից էլ մեր խմբագրություն զանգահարեցին մի խումբ օրդինատորներ, որոնք այս օրերին 24-ամյա ռեժիմով աշխատել են, և բողոքեցին, որ բարերարների հանգանակած գումարները անարդարացի են բաշխվում բուժաշխատողների միջև: Խոսքը մասնավորապես Վարդանյան եղբայրների հանգանակած գումարների մասին է, որը ըստ ահազանգի, բաշխվել է միայն ավագ բուժանձնակազմի միջև:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում չհերքեց այս փաստը: Նա նշեց, որ կամավորները, կամ օրդինատորները ընդունվել են աշխատանքի, ըստ պայմանագրի, և պետությունը ամբողջությամբ կատարում է իր պայմանագրային պարտավորությունները:

Ինչ վերաբերվում է բարերարների հանգանակություններին, որոնք հավելավճարի տեսքով բաշխվում են բուժաշխատողների միջև, ապա դա արվում է ըստ նպատակահարմարության, առաջնայնությունը տալով ավագ բուժաշխատողներին, որոնք, ըստ Նիկողոսյանի, փրկում են մարդկային կյանքեր:

«Այո, ոչ մեկը չի նսեմացնում կրտսեր բուժանձնակազմի առաքելությունը, նրանք շատ դժվարին աշխատանք են կատարում, բայց դա չի կարող համեմատվել ավագ բուժանձնակազմի աշխատանքի հետ, որոնք կյանքեր են փրկում: Ի վերջո կամավորները, օրդինատորները պայմանագիր են կնքել, նրանք տեսել են ինչի տակ են ստորագրում, և պետությունը ամբողջովին կատարում է նրանց առջև ստանձնած իր պարտավորությունները»,- եզրափակեց Նիկողոսյանը:

  • Կիսվել: