Իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է. կազմվել է արձանագրություն, վարորդս տեղում վճարել է տուգանքը. Թունյան
Այսօր իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է և մեքենան կարճ ժամանակով կայանել անթույլատրելի վայրում՝ գրավելով հետիոտնային անցման վրա (մասամբ փակելով այն)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հրապարակելով լուսանկար:
Նա նշել է, որ ինքն այդ պահին մեքենայում չի եղել, իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է խախտումն ու տեղադրել սոցցանցում։
՛՛Քանի որ որոշ լրատվամիջոցներ կարևորել են այդ «դեպքը» և վերահրապարակել իրենց մոտ, շահարկումները կանխելու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ՃՈ կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, և վարորդս տեղում վճարել է տուգանքը։
Ներողություն եմ խնդրում այն հետիոտներից, որոնց այդ կարճ ժամանակահատվածում անհարմարություն է պատճառվել։ Սակայն ասեմ նաև, որ այդտեղ որևէ չարամիտ կամ արհամարհական դրսևորում հասարակության նկատմամբ պետք չէ փնտրել։ Ինքս նման դրսևորումներին միշտ դեմ եմ եղել թե՛ նախկինում, թե՛ առավելևս հիմա՝ պատգամավորի կարգավիճակում։
Բոլորիդ մաղթում եմ անվտանգ երթևեկություն՛՛,-գրել է Թունյանը: