ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իմ համոզմամբ՝ կեսգիշերին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ

Իմ համոզմամբ՝ կեսգիշերին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ

Որևէ պատիժ, նույնիսկ նկատողություն նախատեսված չէ՝ օրհներգն առավոտյան ժամը վեցին և կեսգիշերին չհեռարձակելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին։

«Ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հեռուստաընկերություններ խախտում են «ՀՀ օրհներգի մասին» օրենքը, որով սահմանվում է՝ երկու անգամ պետք է եթեր տալ օրհներգը։ Մինչդեռ հեռուստատեսությունները ներկայացնում են օրհներգի իրենց տարբերակը, որը հակասում է օրենքին։ Դուք ասացիք, որ պատժելու լիազորություն չունեք, բայց խոսքը դրա մասին չէ, այլ հնարավո՞ր չէ արդյոք այդ հեռարձակողներին տեղեկացնել, որ իրենք ամենօրյա ռեժիմով օրենք են խախտում»,- ասաց Համազասպ Դանիելյանը։

Տիրգրան Հակոբյանը նշեց, որ նորմը կա, բայց նորմի հետևանքները նշված չեն, և որևէ պատիժ նախատեսված չէ: Նրա խոսքով՝ դա օրենսդրական բացթողում է։

Ըստ նրա՝ այս տարվա հունվարին իրենք ևս մեկ անգամ դիմել են հեռուստաընկերություններին՝ պատշաճ կարգով օրհներգը հնչեցնելու համար։

«Հունվարին տհաճ միջադեպ եղավ, երբ Հ1-ը չէր հնչեցրել օրհներգը, և մենք դիմեցինք իրենց և հղում տվեցինք նաև ճիշտ երաժշտությունը, որը պետք է հնչի։ Չեն անում, և դրա իրավունքն ունեն, քանի որ որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Շատ ժամանակ էլ բացատրում են, թե իրենցը տեսա-լսողական է, իրենք ուզում են դասական հիմնն ավելի աշխուժացնել, որ մարդիկ նայեն, երեխաներն էլ իրենց ձևով դա պատկերացնեն, դրա համար իմպրովիզներ են անում։ Այսինքն, իրենց կարծիքով միգուցե օգտակար գործ են անում՝ խախտելով օրենքը։ Նորմեր պետք է լինեն, որպեզի հեռուստաընկերությունները դրանք պահպանեն։ Առանց պատժիչ միջոցների դա անել հնարավոր չէ»,- ընդգծեց ՀՌԱՀ նախագահը։

Տիգրան Հակոբյանը նշեց նաև, որ իր խորին համոզմամբ՝ կեսգիշերին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի։

  • Կիսվել: