կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ID քարտերով Վրաստան այցելելու համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման

ID քարտերով Վրաստան այցելելու համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կհատեն առանց մուտքի արտոնագրերի: Վավերացման ենթակա համաձայնագրի մանրամասներն ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի հունվարի 12-ին Հայաստանը և Վրաստանը ստորագրել էին փաստաթուղթ, որի նպատակն էր հնարավորություն տալ 2 պետությունների քաղաքացիներին փոխադարձ ճամփորդել՝ առանց մուտքի արտոնագրերի, միայն նույնականացման (ID) քարտերով: Այսօր արդեն համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման:  

«Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը»,- ասաց Մնացական Սաֆարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նկատեց, որ նախագիծը բխում է Կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրից, որում արձանագրված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների բարելավման առաջնահերթությունը ու հատկապես Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը:

«Վրաստանի մեր գործընկերներն արդեն վավերացրել են նախագիծը, և Հայաստանի կողմից վավերացնելուց հետո, ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, և արդեն քաղաքացիները կկարողանան օգտվել այս հնարավորությունից»,- ասաց Սարգիս Խանդանյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս արձագանքեց նախագծին՝ ընդգծելով, որ նախագիծն ունի լուրջ բովանդակային և բարոյական նշանակություն. «Միայն շատ ջերմ բարեկամ, գործընկեր երկրներն են այսպիսի քայլի գնում՝ էականորեն հեշտացնելով քաղաքացիների ելքումուտքը միմյանց երկրներ: Սա մեծ փոխվստահության արդյունք է, և հայ-վրացական հարաբերությունների այսօրվա մակարդակի ճշգրիտ ձևակերպումն է»:

ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ այսօր կիրազեկվի՝ երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու:

  • Կիսվել: