շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հույների ցեղասպանությանը նվիրված հիշատակի շաբաթ

Հույների ցեղասպանությանը նվիրված հիշատակի շաբաթ

Մայիսի 19–ից 27–ը ՀՑԹԻ նախաձեռնությամբ և Հայաստանում հունական համայնքի մասնակցությամբ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք:

Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողությանը, որին հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։

Միջոցառմանը ներկա էին Ալավերդի համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, Հայաստանի հունական համայնքի անդամներ և այլք։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:

Հնչեցին հունարեն և պոնտիերեն երգեր հունական համայնքի երգչախմբի կատարմամբ։

Մայիսի 20–ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ գրող, ուսումնասիրող Արա Քեթիբյանի The Genocide of Ottoman Greeks: Reports from the U.S. Press (1913-1922) (Օսմանյան հույների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից) գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, գիտաշխատողներ, հունական համայնքի անդամներ։ Հունական համայնքի անդամները իրենց երախտագիտությունը հայտնեցին Արա Քեթիբյանին, որը լինելով հայ, ուսումնասիրել և հրատարակության է պատրաստել աշխատություններ Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյա այլ ազգեր ցեղասպանություններին ևս: Ներկաները նաև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ նահատակված պոնտացիների հիշատակին։

Մայիսի 23–ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Աթենքի համալսարանի դասախոս Վասիլեյոս Մեյխանեցիդիսի օնլայն դասախոսությունը կարդաց Հույների ցեղասպանության վերաբերյալ՝ ներկայացնելով դրա պատճառները, ընթացքն ու հետևանքները՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության լույսի ներքո:

Մայիսի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնի հետազոտողների բանախոսությունների շարքը՝ նվիրված հայ-հունական պատմական և մշակութային կապերին։

 

Ելույթներ ունեցան Շուշան Խաչատրյանը, Հերիքնազ Գրիգորյանը, Աննա Օհանջանյանը և Հայկ Հակոբյանը։
Այս միջոցառմամբ ամփոփվեց Պոնտացի հույների ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթը։

 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: