երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հունիսին 9-ից կմեկնարկեն միասնական քննությունները․ 13456 դիմորդ քննություններ կհանձնի հանրապետության 40 միասնական կենտրոններում․ Կարո Նասիբյան

Հունիսին 9-ից կմեկնարկեն միասնական քննությունները․ 13456 դիմորդ քննություններ կհանձնի հանրապետության 40 միասնական կենտրոններում․ Կարո Նասիբյան

Հունիսի 9-ին մեկնարկելու են միասնական քննությունները, դիմորդները այդ օրը քննություն են հանձնելու  Քիմիա և Ռուսաց լեզու առարկաներից։ Միասնական քննությունների երկրորդը  փուլի քննություններն ավարտելու ենք  հունիսի 27-ին՝ Հայոց պատմություն և Ֆիզիկա առարկաների քննություններով:

Հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց  Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նա հիշեցրեց, որ այս տարի առաջին անգամ միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել էր հունվարին։ 

«Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում, 14-ը Երևանում են, 26-ը՝ մարզերում։ Այս փուլի դիմորդների ընդհանուր թիվը 13456 է»,- նշեց Նասիբյանը և հավելեց, որ այս թվում ներառված չեն արցախցի դիմորդները։ 

Նա տեղեկացրեց, որ այս տարի, ինչպես նախորդ տարի էր, անգլերեն առարկայից քննություն հանձնողների թիվը գերակշռում է, նրանք 5491-ն են։ 

Նասիբյանը հայտնեց նաև, որ հունվարի միասնական քննությունների մասնակցողներից շատերը ցանկություն են հայտնել ևս մեկ անգամ մասնակցել միասնական քննություններին՝ ավելի բարձր գնահատական ստանալու ակնկալիքով․ «Հունվարին ունեցել ենք 6800 դիմորդ։ Դիմորդների թիվը, որոնք հայտագրվել են հունվարին և այլևս հունիսին չեն հայտագրվել՝ ընդամենը 333 է: Դիմորդները, որոնք հայտագրվել և հանձնել են հունվարին, բայց նաև  պատրաստվում են հունիսին քննություն հանձնել՝ 4262 է»։ 

  • Կիսվել: