Հունիսի 4-ին արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի ևս 1 դեպք. Քաղաքացին 30-35 տարեկան տղամարդ է
Սույն թվականի հունիսի 4-ին արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 1 դեպք: Քաղաքացին միջին տարիքի տղամարդ է՝ 30-35 տարեկան. նրա վիճակը այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Այլ տվյալներ չենք հայտնում՝ բժշկական գաղտնիքը պահպանելու, նույնականացումից խուսափելու համար։ Եթե նոր դեպք գրանցվի, ապա Առողջապահության նախարաությունը այդ մասին հայտարարություն կտարածի»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3–ին Հայաստանում արձանագրվել էր Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:
Նշենք, որ Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։
Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում:
Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ:
ՀՎԿԱԿ մասնագետները փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ: