ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը

Հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը:

Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։ Ծրագրի այս փուլում մասնակիցների հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։

Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունի նաև պարի և մնջախաղի խմբեր։ Հունիսի 26-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացում կազմելու թատրոն համակարգի ամբողջական կառուցվածքի մասին։

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թ.։ Համավարակի շրջանում ծրագիրն անցկացվել է երկու առցանց փուլով։ 2021 թ. ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։ Այս տարի գրեթե 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու է 70 աշակերտ։

  • Կիսվել: