շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հուլիսի 3-ին Ադրբեջանում կսկսվի սահմանին գերեվարված երկու հայ զինվորների դատը

Հուլիսի 3-ին Ադրբեջանում կսկսվի սահմանին գերեվարված երկու հայ զինվորների դատը

Սահմանին Ադրբեջանի կողմից գերեվարված Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։
 
Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»:
 
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։
 
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։

  • Կիսվել: