հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը․ Արփինե Սարգսյան

Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը․ Արփինե Սարգսյան

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։

Նախարարը շեշտել է, որ այս ուղղությամբ արձանագրվում է իսկապես պատմական առաջընթաց։

«Մենք միակ պետություն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ խոսում է վիզաների ազատականացման հարցով։ Գիտեմ, թե որքան մեծ է հանրային սպասումը վիզաների ազատականացման գործընթացի շուրջ, ուստի բաց, թափանցիկ և պատասխանատու կերպով ձեզ հետ կիսվում ենք յուրաքանչյուր զարգացմամբ»,- նշել է Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացել է գործողությունների ծրագիրը, իսկ օրեր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրել են առաջին առաջընթացի զեկույցը։

«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում»,- ընդգծել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմի ջանքերն ու առաջընթացը բարձր է գնահատել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ամփոփելով խոսքը՝ որպես հայկական կողմի բանակցող, Արփինե Սարգսյանը վստահեցրել է. «Սա մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»։

  • Կիսվել: