ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրդեհից զոհված զինվորների ծնողներն այսօր կհանդիպեն Փաշինյանին

Հրդեհից զոհված զինվորների ծնողներն այսօր կհանդիպեն Փաշինյանին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 27-ին, կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Ծնողները ապրիլի 21-ի վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացել է շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։ Ավելի ուշ ծնողների հետ հանդիպել էր Փաշինյանի օգնական Գառնիկ Իսախանյանը եւ հայտնել, որ ավելի ուշ հանդիպում կկազմակերպվի։

Զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանն ասաց, որ իրենք Փաշինյանին են ներկայացնելու իրենց սեփական հետաքննության ընթացքում ձեռք բերած փաստերը:

«Մեր հայտնաբերած անճշտություններն ենք ներկայացնելու իրեն։ Փորձելու ենք հասկանալ՝ ով է իրեն ինչը սխալ զեկուցել, եւ ով որտեղ է թերացել»,- ասաց Բարսեղյանը։

Զոհված Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանից պահանջելու է հիմնավորել պաշտոնական վարկածը։

«Մենք հարցերի հստակ շրջանակը դեռ չենք նախատեսել, բայց ես անձամբ ասելու եմ, որ չեմ հավատում պաշտոնական վարկածին, եւ, որ քննությունն ընթացել է Փաշինյանի ասած վարկածով։ Փաշինյանին ասելու եմ, որ իր անպատասխանատվության, անտարբերության եւ անհետեւողականության պատճառով է դեպքը եղել»,- ասաց Արտյոմ պապը։

Հանդիպմանը մասնակցելու են բոլոր 15 զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հանդիպմանը չի մասնակցի։

  • Կիսվել: