Հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկում․ բնակիչը հոսպիտալացվել է
Հունիսի 2-ին՝ ժամը 03:35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։
Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի երկրորդ հարկ։