երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ

Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ

Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր Հ-55 հանրապետական նշանակության ավտոճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Ծաղկաձորի մարզահամալիրի մոտից արդեն իրականացվում է ասֆալտապատում։ 10.5կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր տիպի աշխատանքներ՝ մայթերի, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։

 

Ճանապարհաշինությունն իրականացնող «Շինպլյուս» ՍՊԸ-ի աշխղեկ Արման Իգիթխանյանը նշում է, որ անում են առավելագույնը շինարարության ընթացքում բնակչությունը քիչ անհանգստություն պատճառելու համար։ Ըստ նրա՝ ճանապարհաշինության սեզոնը հենց ամռանն է, երբ տեղումներ չկան, օդի ջերմաստիճանն էլ ներում է համապատասխան աշխատանքներ իրականացնել, ուստի այլ սեզոնին աշխատելու այլընտրանք չկար։ Աշխղեկն ասում է, որ հիմնանորոգման արդյունքում ստանալու են եռաշերտ ասֆալտբետոնե ծածկով ճանապարհ, ինչը երկար կծառայի Ծաղկաձորի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ Արաման Իգիթխանյանի խոսքով՝ Ծաղկաձորն իր պատմության մեջ նման ճանապարհ չի ունեցել։ Ծաղկաձորցիներն էլ, ըստ աշխղեկի, գոհ են կատարվող շինարարությունից, կատակում է՝ իրենց տեխհսկող էլ պետք չէ, քանի որ տեխհսկողությունը հենց բնակիչներն են կատարում։

Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ընկերության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, որ զրույցի պահին դիտարկում էր ասֆալտապատման գործընթացը, նշեց, որ աշխատանքները բարձր որակով են կատարվում, ըստ նախագծի և համապատասխանում են շիննորմերին։

Ծաղկաձորի բնակիչներն էլ թեև նկատում են, որ որոշակի անհանգստություններ այս պահին կրում են, սակայն շուտով կունենան բարեկարգ, գեղեցիկ փողոցներ, ինչը խիստ անհրաժեշտ է իրենց զբոսաշրջային քաղաքին։ Նրանք նաև շեշտում են, որ նման ծավալի ճանապարհաշինություն Ծաղկաձորում չեն հիշում։

 
 
 

  • Կիսվել: