Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը վթարվել է. իրականացվում են կոյուղու վթարված հատվածի փոխարինման աշխատանքներ
Երեկ վաղ առավոտյան վթարվել էր Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը՝ ժամեր շարունակ ողողելով ամբողջ տարածքը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից 1lurer.am-ին հայտնել են, որ ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես արձագանքել է ահազանգերին և փորձել վերացնել խցանումը, սակայն տեղում պարզվել է, որ կոյուղու մի հատված ամբողջությամբ կոտրված է, անհրաժեշտ է փոխել կոյագծի մոտ 50 մետր հատված:
Ընկերության աշխատակիցները խցափակել են վթարված հատվածն ու կատարել նախապատրաստական աշխատանքներ, որից հետո վթարի վայր է տեղափոխվել 700 մմ տրամաչափի պոլիէթիլենե երկշերտ խողովակաշարը:
Այս պահին Ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը կապալառու շինարարական կազմակերպության հետ իրականացնում է կոյուղու վթարված հատվածի փոխարինման աշխատանքներ: Նախատեսում են աշխատանքներն ամբողջությամբ ավարտել առաջիկա 2 օրերի ընթացքում:


