երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՔԱՎ-ը գրություն է ուղարկել դատախազություն «‎Պոլիգրաֆ»-ի գործով քննություն չիրականացնելու մասին

ՀՔԱՎ-ը գրություն է ուղարկել դատախազություն «‎Պոլիգրաֆ»-ի գործով քննություն չիրականացնելու մասին

Սույն թվականի մայիսի 3-ին ՀՔԱՎ-ը գրություն է ուղարկել դատախազություն «‎Պոլիգրաֆ»-ի գործով քննություն չիրականացնելու մասին։ Գրության մեջ մասնավորապես նշվում է․

27․04․2023թ․-ին մեր կազմակերպության կողմից քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ սույն թվականի ապրիլի 23-ի լույս 24-ին, ժամը 1-ի սահմաններում ՛՛Պոլիգրաֆ՛՛ ակումբի վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման և ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվության և պատվի նսեմացման, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Միաժամանակ, հաղորդմանը կցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  հանցանքի կատարման փաստը հաստատող համապատասխան նյութերը՝ վերցված ինչպես համացանցում  տարածված հրապարակային լրատվական նյութերից, այնպես էլ տրամադրված «Պոլիգրաֆ» ակումբի աշխատակիցների կողմից՝ հանձին դեպքի ամբողջական տեսագրության։

Որպես լրացում ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, 02․05․2023թ․ ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել կից գրություն, նույն գործով նախաձեռնվելիք քրեական վարույթի շրջանակներում մեկ այլ քաղաքացու նույնպես տուժողի կարգավիճակ տալու համար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս ենթարկվել է խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խուզարկության ժամանակ մերկացվել է ոստիկանության բաժանմունքում և ենթարկվել տարբեր տեսակի սպառնալիքների։

Այսպիսով, հաղորդման ներկայացումից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման փոխարեն՝ հանձին առերևույթ հանցանքի մասին հաղորդման ստացումից հետո անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելը, առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Հաշվի առվելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է կոնվենցիոն և սահմանադրական բացարձակ իրավունք հանդիսացող խոշտանգումներից զերծ մնալու և խոշտանգումների արգելքի սկզբունքի մասսայական խախտմանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, էլ ավելի է ընդգծվում մարդու անօտարելի իրավունքի հրապարակային ոտնահարման նկատմամբ  ՀՀ գլխավոր դատախազության տոտալ անտարբերությունն ու անգործությունը։

Ամփոփելով վերը նշվածը, պահանջում եմ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդման հիման վրա անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ և իրականացվելիք օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ երաշխավորել այն արդարադատությունը, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մի շարք իրավական ակտերով։

  • Կիսվել: