ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2020
ՀՊՏՀ խորհրդի նախագահն առաջարկով դիմել է խորհրդի անդամներին

ՀՊՏՀ խորհրդի նախագահն առաջարկով դիմել է խորհրդի անդամներին

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը ուղերձով դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը՝ լավագույն լուծում համարելով հիմնադրամ դառնալը: 

Ուղերձում ասված է․

«ՀՊՏՀ խորհրդի հարգելի՛ անդամներ, շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում որոշակի լարվածություն կա։

Ինչքան էլ փորձեր ձեռնարկվեն հնարավոր ու անհնարին միջոցներով կոծկել այս փաստը, միևնույնն է, համալսարանի գործունեությամբ մի փոքր հետաքրքրվող անձի համար սա ակնհայտ է։

Համալսարանը՝ որպես կրթական հաստատություն, ոչ միայն ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ղեկավար մարմինների, այլև դրա շրջանավարտների, պետական կառավարման հատվածի և, ի վերջո, հանրության հետ փոխադարձ հարաբերությունների ամբողջությունն է, ինչպես նաև այս ամենի հետևանք՝ համալսարանի հեղինակությունը։

Եվ հենց այս պատճառով է, որ պարզապես անհնար է թաքցնել այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն առկա են այսօր համալսարանում։

Որևէ կերպ չցանկանալով անձնավորել խնդիրների առաջացման մեղավորներին՝ պետք է նշել, որ նշված ժամանակահատվածում պարբերաբար մամուլում և սոցիալական մեդիայում հայտնվում են տարբեր հրապարակումներ, «բացահայտումներ», հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, գաղտնի նամակներ ու պաշտոնական փաստաթղթեր, չհրապարակված որոշումներ, մեղադրանքներ և արդարացումներ, որոնք ակամա իրենց վրա են հրավիրում համալսարանով շահագրգիռ մեծ լսարանի ուշադրությունը։

Այս մթնոլորտը չի կարող ապահովել բուհի բնականոն գործունեությունը, և սա չէ այն ճանապարհը, որը կարող է գոնե պահպանել համալսարանի՝ տարիներ ի վեր գրանցած հաջողությունները և ուսանողներին մատուցել որակյալ և պահանջարկված կրթություն:

Ես՝ որպես ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ, բազմիցս փորձել եմ միջամտել այս իրավիճակին և լինելով համալսարանի ներկայով և ապագայով ամենամտահոգ և շահագրգիռ մարդկանցից մեկը՝ հանդես չեմ եկել ներգրավված կողմերից որևէ մեկի դիրքերից։ Ցավով պետք է նշեմ, որ ՀՊՏՀ կառավարման խորհուրդը և դրա նախագահը օրենսդրորեն չունեն լիազորություններ իրենց ձեռքը վերցնելու ստեղծված անթույլատրելի իրավիճակի կառավարումը և նախաձեռնել իրավիճակի բարելավման գործողություններ, առավել ևս՝ միջամտելու բուհի ներքին կյանքին և ռեկտորատ-նախարարություն հարաբերություններին։

Իհարկե, «միջամտությունը» կարող է լինել գործընկերային և բարոյական հարթությունում, ինչը ենթադրում է՝ խնդրելու, առաջարկելու, հորդորելու տրամաբանությունը։ Սակայն առ այսօր, չնայած բազմաթիվ նմանատիպ փորձերին, նշված մոտեցումները չեն աշխատել և տվել են փոքրիկ ժամանակային լուծումներ, որից հետո խնդիրները էլ ավելի մեծ սրությամբ են արտահայտվել՝ համեմված լինելով նոր փաստերի ի հայտ գալով։

Համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացման և հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման տեսանկյունից մեկ անգամ չէ, որ քննարկվել է համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը՝ ՊՈԱԿ-ից անցում կատարելով հիմնադրամի։ Եվ սրանից շուրջ մեկ տարի առաջ ՀՊՏՀ-ի կառավարման խորհուրդը հիանալի հնարավորություն տեսավ բուհի կազմակերպաիրավական ձևի փոփոխության համատեքստում լուծել նաև առկա կառավարման խնդիրներն ու բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ձևավորելով նոր կառավարման խորհուրդ և նոր ընթացակարգով ընտրելով ռեկտոր։ Այս մասով ՀՊՏՀ կառավարման խորհուրդը, անմիջականորեն ինձ է հանձնարարել զբաղվելու նշված գործընթացներով, ինչի արդյունքում և կազմվեց համալսարանի կանոնադրության նոր նախագիծ, որի վրա լուրջ աշխատանք է կատարվել։ Իսկ խորհրդում ներկայացված են բոլոր շահառուների (ուսանողներ, դասախոսներ, կառավարություն, նախարարություն) ներկայացուցիչներ, որոնք միաձայն հավանություն են տվել նոր կանոնադրությանը, որով նախատեսվում էր համալսարանը վերակազմավորել հիմնադրամի:

 

Մշակված նախագիծը, ինչպես կարգն է, պաշտոնապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ գործընթացը սկսելու ակնկալիքով։ Նշեմ, որ առ այսօր ՀՊՏՀ խորհուրդը այդ նամակի պատասխանը չի ստացել։ Հասկանալի է, որ նախարարությունը, լինելով մի քանի ոլորտների անմիջական համակարգող և պատասխանատու, միգուցե ժամանակ չի ունեցել ըստ պատշաճի անդրադառնալու առաջարկվող փոփոխություններին։ Սակայն փաստ է նաև այն, որ այդ ընթացքում մամուլում և սոցիալական մեդիայում հայտնվում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և ԿԳՄՍ նախարարի միջև Խորհրդից գաղտնի նամակագրության անառարկելի ապացույցներ՝ համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխության գործընթացը կասեցնելու խնդրանքի մասին։

Ընդ որում, այդ նամակագրության մասին ՀՊՏՀ կառավարման խորհուրդը, այդ թվում՝ նաև ես, տեղեկանում են ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից, այլ հենց մամուլից։ Եվ հարցմանը, թե որն է պատճառը, որ այսքան ջանքեր խլած գործընթացը կասեցվել է, հնչում է պատասխան, որ նախարարությունը այդ իրավունքը ունի. այսքանը՝ առանց որևէ լրացուցիչ պարզաբանման։

Մի պահ կարող է թվալ, թե ես այդքան էլ շահագրգռված չեմ համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխության հարցում, քանի որ անհայտ է՝ արդյոք ես կլինեմ նոր ձևավորված խորհրդում կամ կառաջադրվեմ որպես խորհրդի նախագահ։ Սակայն ցանկանում եմ հստակորեն ամրագրել, որ ՀՊՏՀ-ի՝ հիմնադրամ դառնալու ջատագովներից առաջինը ես եմ և որևէ կերպ չեմ դողում այս պաշտոնը ամեն գնով պահելու համար։ Ընդհակառակը, ես սրտացավ եմ բուհի հեղինակության համար։ Եվ եթե իմ՝ կառավարման խորհրդից և նախագահությունից դուրս գալը կօգնի ՀՊՏՀ-ի հեղինակության բարձրացմանը, ապա պատրաստ եմ հենց վաղը ներկայացնել իմ հրաժարականը։

Հատկանշական է, որ ռեկտորի վերջին երկու պաշտոնակատարների վերաբերյալ, որոնք հանրության շրջանում ընկալվում են հաջորդ ռեկտորի ընտրություններում հավանական թեկնածուներ, եղան հրապարակումներ և գործընթացներ ակադեմիական աշխատանքներում տեղ գտած թերությունների, հնարավոր ֆինանսական խախտումների, ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած անձնական կապերի մասին և այլն։ Ցավալին այն է, որ այս մթնոլորտում և իրավիճակում ՀՊՏՀ-ն գնում է նոր ռեկտորի ընտրությունների։

Ամենևին զարմանալի չէ, որ ՀՊՏՀ կառավարման խորհրդի հեղինակավոր անդամներ այս ընթացքում հրաժարվեցին իրենց պաշտոններից։ Չնայած իրենց նամակներում վերջիններս որպես հիմնական պատճառ նշում էին իրենց աշխատանքային զբաղվածությունը (և ես որևէ կերպ կասկածի տակ չեմ դրում դա)՝ այնուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ առկա այս ողջ իրավիճակը չէր կարող իր բացասական դերակատարումը չունենալ։ Արդյունքում ՀՊՏՀ խորհուրդը կորցրեց ցանկալի մարդկանց։ Սա ամենևին չի խոսում համալսարանի կառավարման արդյունավետության մասին, ինչը խիստ մտահոգիչ է։

Անհրաժեշտ է փաստել, որ այսօր որոշակի խնդիրներ կան ՀՊՏՀ կառավարման խորհրդի որոշ անդամների իրավական կարգավիճակի մասով։ Օրինակ, բազմիցս քննարկվել է, սակայն դեռ չի լուծվել Ուսանողական խորհուրդների կանոնադրության հաստատված չլինելու խնդիրը, որը հենց նախարարությունն էր դեռևս 1.5 տարի առաջ արձանագրում և խոստանում լուծել: Խնդիրներ կան նաև պետական պաշտոնյաների անդամակցության հետ կապված: Սա մեծապես վտանգում է ՀՊՏՀ այս խորհրդով անցկացված ռեկտորի սպասվող ընտրությունների լեգիտիմությունը։ Եվ համոզված եմ, որ գործընթացներ լինելու են։ Բացառված չէ, որ այս իրավիճակը չհարթելու դեպքում ևս լինեն մարդիկ, այդ թվում՝ ես, որ պարզապես հրաժարվեն գործող խորհրդում անդամ լինելուց։

Ստեղծված իրավիճակի լուծումը ՀՊՏՀ կազմակերպաիրավական իրավիճակի փոփոխությունը կյանքի կոչելն է, հետևաբար և՝ նոր խորհրդի կազմավորումը և արդեն նոր և ոչ խնդրահարույց կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացումը։ Սա է իմ պատկերացրած լավագույն ճանապարհը առկա խնդիրները լուծելու և լարվածությունը մեկընդմիշտ թուլացնելու համար։

Ցավոք, նման ճանապարհը ընտրելու վերաբերյալ քաղաքական որոշումը ես կամ կառավարման խորհուրդը չի կայացնում, ուստի ունենք այն, ինչ ունենք։

Լիահույս եմ, որ շուտափույթ կերպով կհաղթահարվի այս իրավիճակը, և անձնական նկրտումները կստորադասվեն համալսարանի շահին և պետականամետ մտածելակերպին»։

  • Կիսվել: