երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հովք գյուղի բարձունքում նշվել է եկեղեցու հայտնաբերման 4-ամյակը

Հովք գյուղի բարձունքում նշվել է եկեղեցու հայտնաբերման 4-ամյակը

Հովք գյուղի բարձունքում եկեղեցու հայտնաբերման 4-ամյակն է այսօր: Հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Մշուշ ու անձրեւ մեծ ուխտի ճանապարհին

Հովք գյուղի բարձունքում եկեղեցու հայտնաբերման 4-ամյակն է այսօր

Հովք գյուղն այն տարածքներից է, որը մինչև 1988թ-ը բնակեցված է եղել մեր թշնամի հարևաններով։ Մեր չքնաղ Հայրենիքի այս չքնաղ անկյունն արդեն 35 տարի շնչում ու ապրում է հայերեն։

Վերջին շրջանում շատ են ակտիվացել սին քննարկումներն՝ արդյո՞ք այս տարածքները (Հովք և հարևան մի քանի գյուղեր) հայկական են։ 

Կարծես այս քայքայիչ դիսկուրսին որոշեց պատասխանել մեր Տերը՝ տեսիլքով երևանցի Էդուարդ Այվազյանին հայտնելով հողի հաստ շերտի տակ թաքնված եկեղեցին ու 2 խաչքարները։

Եկեղեցին գտնվում է Հովք գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ թավուտ անտառում։

Յուրաքանչյուր տարի գյուղացիները հավաքվում են եկեղեցում ՝ աղոթքով, ավանդական երգ ու պարով, ավանդական մատաղով նշելու իրենց գյուղի հայկականության ապացույց հանդիսացող եկեղեցու հայտնաբերման օրը։

Այսօր օրը ոչ բարենպաստ էր՝ մառախուղ, հորդառատ անձրև, սակայն սա չխանգարեց ո՛չ գյուղացիներին, ո՛չ հյուրերին, ո՛չ էլ հոգևորականներին բարձրանալ դեպի մեր նորահայտ գեղեցկուհին։

Մեր եկեղեցիները հայ ինքնություն վկայականներն են։ Մեր հայրերը ստեղծել, խնամել և մեզ են փոխանցել դրանք։ Այժմ մեր հերթն է խնամելու հները, կառուցելու նորերը։

Տեր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Եկեղեցին․․․»:

Հիշեցնենք, չորս տարի առաջ Տավուշի մարզի Հովք գյուղի բարձունքում հայտնաբերվել է եկեղեցի և 2 խաչքարներ։ 


 

 

  • Կիսվել: