«Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այս տարի չի փոխվի. Աղաջանյան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այս տարի ևս չի փոխվի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի աշխատակզմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի «պահանջում» բաժինը կարգախոսից դուրս բերվի, կառավարությունում կա՞ նման քննարկում, կայացվել է արդյոք նման որոշում, թեկուզ՝ դեռ ոչ պաշտոնական:
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ են կազմակերպում միջոցառման կազմակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ «Քննարկում է տեղի ունեցել նաև հետևյալ կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի խորը քննարկումներ պետք է լինեն»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծեց, որ կարգախոսը համահայկական է։
«Հայոց ցեղասպանության հարցը համահայկական է և վերաբերում է յուրաքանչյուր հայի։ Նշված կարգախոսը համահայկական է, որը համահայկական հռչակագրի միջոցով է ընդունվել: Որևէ այլ կերպ մոտենալ անհնար է, սա համահայկական հարց է, որի շուրջ որոշումներն ընդունվում են համահայկական ձևաչափի մեջ»,- ընդգծեց նա։



