հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Գեղաձոր բնակավայր տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Գեղաձոր բնակավայր տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Տ-1-52, /Հ-21/ – Գեղաձոր ավտոճանապարհի կմ0+000-կմ1+600 հատվածը։ Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և հասնում մինչև Գեղաձոր բնակավայր։ Երկարությունը 1.6կմ է։

Շինարարական կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի մասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, C5 տիպի խճակոպճավազային խառնուրդ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, ջրահեռացման խողովակներ, նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, ինչպես նաև գյուղամիջում կառուցվում են մայթերը։ Կապալառուն հարևան Ծաղկահովիտ գյուղում ասֆալտապատումն ավարտելուց հետո Գեղաձորում սկսել է մանրահատիկ ասֆալտբետնե շերտի տեղադրումը։

Գեղաձորի բնակիչ Լարիսա Աբրահամյանը նշում է, որ ծնվել-մեծացել է Գեղաձորում, 46 տարեկան է ու չի հիշում, թե վերջին անգամ իրենց գյուղի ճանապարհը երբ է հիմնանորոգվել։ Ճանապարհը գրեթե անանցանելի էր, ո՜չ տաքսի էր կարողանում գյուղ հասնել, ո՜չ շտապօգնություն։ Տիկին Լարիսան ասում է՝ ուրախ է, որ վերջապես իրենց ոտքն էլ ասֆալտին կդիպչի, ցեխից ու կեղտից կազատվեն, գյուղմթերքն էլ կկարողանան հեշտությամբ իրացնել։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ասֆալտապատումն ավարտվելուց հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: