կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից առաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից առաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 19-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: 

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ տարեցտարի պետք է ավելի բարելավել մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը. «Այս միջոցառումը բարձր կարգի մրցաշար է, և պետք է պատրաստվել հավուր պատշաճի»:

Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանի տեղեկացմամբ՝ այս պահին մրցաշարին գրանցվել է 50 մասնակից, ինչը լավ ցուցանիշ է անցած տարվա համեմատ:

Նշվել է, որ մրցաշարի մասնակիցները մրցավայր կտեղափոխվեն գնացքով ժամը 8:30:

Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության մեքենաներ, կգործի նաև բուժկետ՝ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մրցաշարի ամբողջ ընթացքում Սևանա լճում ջրափրկարարների և մոտորանավակների առկայության և պատշաճ գործարկման անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածք այցելելու և տեղում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:

Քննարկվել են նաև հեռարձակման ապահովման և կազմակերպչական այլ հարցեր:

  • Կիսվել: