Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզտ
Օգոստոսի 22-ին Քաջարանը հանդիսավորությամբ նշում է քաղաքի օրը։ Տոնական բազմաբնույթ միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքային իշխանությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, մարզի համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր։
Օրվա առանցքային իրադարձություններից էր «Քաջարանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացման արարողությունը։ ՀՀ կառավարություն-համայնք-ԶՊՄԿ համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցվել է 120 երեխայի համար նախատեսված նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ նախկին, շահագործման համար այլևս ոչ նպատակահարմար շենքի տարածքում։
Շինարարության ընդհանուր արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը հատկացվել է ՀՀ պետբյուջեից։
Քաջարանի մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջերմորեն շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի տոնի առթիվ՝ ընդգծելով համայնքի յուրահատուկ դիմագիծն ու դրանում բնակիչների ավանդը․
«Այստեղ հիմնվեց քաղաք, և քաջարանցիները 68 տարիների ընթացքում ապացուցեցին, որ կերտել են իրենց ուրույն ձեռագիրը ու կերտել են այն նախևառաջ աշխատասիրությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ, մշակույթով, արվեստով... Ընդամենը 68 տարեկան քաղաքը կարողանում է այսօր իր բոլոր դրական կողմերով առանձնանալ»։

Անդրադառնալով նորաբաց մանկապարտեզին և համայնքի զարգացման ընթացքին՝ Ռոբերտ Ղուկասյանն ասել է․
«Այսօր ականատես եղանք հիասքանչ մանկապարտեզի բացմանը։ Դա հենց արդյունքի հասնելու այն ճանապարհն է, որին ձգտում ենք հասնել բոլորս՝ համայնքը, կառավարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բոլոր այն մարդիկ, որոնք ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում։ Եվ այսօր մենք տեսնում ենք ծաղկող, զարգացող Քաջարան քաղաք»։
Քաղաքի տոնը մեկնարկել էր զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրմամբ, այնուհետև կազմակերպվել էին շախմատի ու նարդու առաջնություններ, մանկական կրկեսային շոու, ինչպես նաև Քաջարան համայնքի ստեղծագործողների ցուցահանդես և գաստրո-ցուցահանդես։

Տոնական օրը շարունակվել է համերգային ծրագրով։



