ՀՀ-ում ծխախոտի օգտագործողների թիվը կայուն է՝ 27 տոկոս, սակայն նվազել է ավանդական ծխախոտի օգտագործումը. Բազարչյան
Ծխախոտային նորարարական արտադրանքները շատ արագ սկսել են թափանցել հայաստանյան շուկա և ձեռք են բերում նոր սպառողներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, «Աշխարհն առանց ծխախոտի» համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ոչ թե օգտագործումն է աճում, օրենքի ընդունումից հետո օգտագործում է մնացել է կայուն, անգամ մի փոքր նվազել է, բայց փոխվում է ապրանքատեսակների օգտագործման պրոֆիլը։ շուկա է սկսում մտնել էլեկտրոնային ծխախոտը եւ տաքացման միջոցով օգտագործվող ծխախոտային արտադրանքը։ Դա առաջացնում է կախվածություն և դրանից հետո մարդը դառնում է մշտական սպառող։
Ծխախոտ օգտագործողների վիճակագրությունը մեծ փոփոխություն չի կրել, այն չափահաս բնակչության 27 տոկոսի շրջանակներում է, մի փոքր նվազել է։ Վերջին հարցումը կատարվել է 2022 թվականին։ Երբ մարդկանց հարցնում են՝ ինչպիսի՞ն է վերաբերմունքը այս ոլորտում ընդունված իրավական ակտերի վերաբերյալ, ապա ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հանրային տարածքներում ծխախոտի օգտագործումը սահմանափակող օրենքին։
Նա հավաստիացրեց, որ փակ տարածքներում ծխախոտի սահմանափակման օրենքը գործում է, դա են վկայում իրենց մոնիտորինգի արդյունքները։
Ալեքսանդր Բազարչյանը նկատեց, որ թեեւ նվազել է ավանդական ծխախոտի օգտագործումը, բայց ավելացել է նորարարական ծխախոտային արտադրանքների օգտագործումը։