ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՀՀ–ում ռուսական դպրոցները գերժամանակակից կլինեն. ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

ՀՀ–ում ռուսական դպրոցները գերժամանակակից կլինեն. ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

Ռուսական դպրոցները, որոնց բացումը նախատեսվում է Հայաստանում, կհամապատասխանեն կրթական ամենաբարձր չափանիշներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

Նախագծի իրականացման վերջնաժամկետը դեռ որոշված չէ, սակայն հարցն ակտիվորեն քննարկվում է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Թեման հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նախագահական նոր նախագիծ է։ Մեկ տարի առաջ մենք Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց ենք բացել, ինը դպրոց բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանի հետ։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա ամենաժամանակակից կրթական նախագծերն իրականացնել` ըմբռնումով և խորը հարգանքով վերաբերվելով Հայաստանի առանձնահատկություններին ու նրա օրենսդրությանը»,- ասել է Մասլովը։
Խոսքը գերժամանակակից, լիովին կահավորված դպրոցների կառուցման մասին է, որտեղ ժամանակակից կրթական մեթոդներ կներդրվեն։
Նախագիծը բավականին հավակնոտ է և բարդ իրականանալի։ Դպրոցների շենքերը կկառուցվեն 2,5-3 հա տարածքում և նախատեսված կլինեն 1200 մարդու համար։ Բացի այդ, դրանց կից կկառուցվի երկու լողավազան և ֆուտբոլի դաշտ։
«Մենք եղել ենք Տաջիկստանում գործող այդպիսի ռուսական դպրոցներում։ Դրանից հետո ես ուզում ես բոլոր դիպլոմները մի կողմ դնել և գնալ առաջին դասարան: Հենց որ զարգացման վերաբերյալ որոշակիություն լինի, մենք անպայման կտեղեկացնենք։ Հաշվի են առնվում և՛ կարիքները, և՛ հնարավորությունները»,-ասել է Մասլովը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական դպրոցների բացումը կընդլայնի երիտասարդների հնարավորությունները հայրենիքում, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ կդառնա:
Ինչ վերաբերում է Սյունիքում արդեն իրականացված նախագծերին, Մասլովն ընդգծել է, որ այդ տարածաշրջանը պատմականորեն մոտ է և չափազանց կարևոր Ռուսաստանի համար: Նա նաև ուրախությամբ փաստեց, որ տարածաշրջանում պահպանվում է հետաքրքրությունը Ռուսաստանի, ռուսական մշակույթի նկատմամբ:

  • Կիսվել: