չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀ-ում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը

ՀՀ-ում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը

Մայիսի 18֊ին ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում պաշտոնապես տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը Հայաստանում։

Ասուլիսի խոսնակներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, արյունաբանության եւ տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը եւ Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը։ «Կոնգրեսի անցկացումը Հայաստանում շատ կարեւոր է ոլորտի համար, եւ դրա շնորհիվ հայտնվել ենք առաջատար երկրների շարքում՝ ստեղծելով հնարավորություններ մասնագետների միջեւ փորձի փոխանակման եւ հետագա համագործակցության համար։ Մանուկների առողջությունը հատապես նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ տարեցտարի ընդլայնվում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծառայությունների շրջանակը»,—նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայան։ «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել իր մեծությամբ աննախադեպ բժշկագիտական միջոցառումը։ Նախկինում կոնգրեսը անց է կացվել Հնդկաստանում, Չինաստանում, իսկ հաջորդ տարի՝ Ճապոնիայում: Արյունաբանությունը եւ ուռուցքաբանությունը հիմնաքարային ուղղություններ են բժշկության մեջ, եւ կոնգրեսը կարեւոր օղակ է՝ տեղում միջազգային փորձի փոխանակման եւ շարունակական զարգացման համար»,—նշեց Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, արյունաբանության եւ տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը։

«Համաժողովի շնորհիվ այսօր Հայաստանն իր ուրույն տեղն է գրավում բժշկագիտության համաշխարհային քարտեզի վրա։ Արդեն իսկ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակելու ուղղությամբ»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեւորգ Թամամյանը։ Պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 19-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ միջազգային կառույցի ներակայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագրի մասին Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական եւ ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։ Հարյուրավոր ականավոր բժիշկներ եւ գիտնականներ նաեւ ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ է ձեւավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման եւ զարգացման համար։ Համաժողովի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է www.siopasia2023.am կայքում: Հանրության համար ներառված են նաեւ բաց եւ անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝

● Մայիսի 20֊ին, ժամը 16:10 «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» / “Women leadership in oncology”, խոսնակների եւ թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3obEwFp։

● Մայիսի 20-ին, ժամը 17։00 "Համաշխարհային առողջապահական համայնք" / “Global Health Network” (անգլերենը), խոսնակների եւ թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3Bu2miQ ։

● Մայիսի 19-ին, ժամը 19։30-ին՝ ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երեւանի պետական բժշկական համալսարանում։

  • Կիսվել: