կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված հայկական եւ չինական արվեստին (ֆոտո)

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված հայկական եւ չինական արվեստին (ֆոտո)

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված հայկական եւ չինական արվեստին։ Միջոցառման շրջանակում ներկայացված են ՀՀ Նկարիչների միության անդամ 10 հայ նկարիչների գործեր։ Միջոցառումը կազմակերպվել է  Հայաստանում Չինաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Նկարիչների միության նախաձեռնությամբ, այն դարձել է պլատֆորմ հայ եւ Հայաստան ժամանած չինացի նկարիչների փորձի փոխանակման համար։

Ողջունելով հյուրերին՝  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է աջակցել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին, եւ արվեստի չինացի գործիչները որոշել են այցելել Հայաստան, որպեսզի մոտիկից ծանոթանան հայկական մշակույթին։ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում չինացի նկարիչները կստեղծեն կտավներ՝ կապված Հայաստանի հետ։

«Փորձի փոխանակումը շատ կարեւոր է, եւ այսօր մենք հրավիրել ենք չինացի եւ հայ արվեստագետներին, որպեսզի արդյունավետ հանդիպում ունենանք։ Թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը հնագույն քաղաքակրթություն եւ հարուստ մշակույթ ունեն, եւ այս առումով  շատ կարեւոր են նման հանդիպումները, փորձի փոխանակումը՝ չին-հայկական մշակութային կապերի զարգացման համար։ Վստահ եմ, որ  նման միջոցառումների շնորհիվ չինացի եւ հայ ժողովուրդները միմյանց ավելի լավ կճանաչեն, ինչը շատ կարեւոր է երկու ժողովուրդների համար։

Չնայած Չինաստանի եւ Հայաստանի միջեւ մեծ հեռավորությանը՝ երկրները շատ մոտ են, նրանց կապում են բարեկամական կապերը, որոնք հատկապես սերտ են դարձել վերջին տասը տարում։ Հատկապես ինտենսիվորեն է տեղի ունենում փորձի փոխանակումը երկու երկրների արվեստների տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջեւ, ինչը հիմք է դարձել չին-հայկական բարեկամության զարգացման համար։

Ընթացիկ տարվա մարտին գլխավոր քարտուղար Սի Ծինփինը առաջադրել է գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը, որը նպատակ ունի զարգացնել քաղաքակրթությունների բազմազանությունը, գնահատել քաղաքակրթությունների ժառանգությունը եւ նորարարությունները, համատեղ հանդես գալ ակտիվ միջազգային փոխանակման եւ համագործակցության ուղղությամբ, միմյանցից սովորելով՝ խթանել քաղաքակրթությունների փոխանակումը եւ նպաստել քաղաքակրթությունների զարգացմանը։ Հնագույն ժամանակներից արվեստը մշակույթի կարեւոր մասն է եւ մարդկանց միջեւ կապող օղակ։ Չինացի նկարիչները տվել են Մեծ մետաքսի ճանապարհի 100 ծաղիկների մեկնարկը եւ ժամանել Հայաստան»,- նշել է դեսպան Ֆան Յունը։

Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, իր հերթին, նշել է միջոցառման կարեւորությունը. «Մենք շատ բարձր ենք գնահատում հայ-չինական հարաբերությունները, մշակութային կապերը,- ասել է նա։- Ներկա միջոցառումը բազմաթիվներից մեկն է, որոնք կազմակերպվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում։  Մշակութային համագործակցության շրջանակում իրականացվել են ծրագրեր հայ եւ չինացի նկարիչների համար Հայաստանում եւ Չինաստանում»։

Սաֆարյանի խոսքով՝ հայ-չինական կապերը սկիզբ են առել դարերի խորքում, Մեծ մետաքսի ճանապարհի ձեւավորման ժամանակներից։ Մշակութային կապերը մեծ դեր են խաղում, ասել է նա. «Այսօրվա միջոցառումը, կարելի է ասել, նվիրված է հայ-չինական մշակութային կապերի ամրապնդմանը։ Կարծում եմ, որ նման միջոցառումները ամրապնդում են երկու ժողովուրդների միջեւ կապերը»։ 

  • Կիսվել: