երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՀՀ փրկարար ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է աղետների ռիսկի նվազեցմանը․ Ցուցուլյան

ՀՀ փրկարար ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է աղետների ռիսկի նվազեցմանը․ Ցուցուլյան

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի դաշտային լայնածավալ վարժանքի շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG ECHO) Պատրաստվածության և կանխարգելման նորանշանակ ղեկավար Հաննա Յանսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, փրկարար ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը:

Հաննա Յանսը կարևորեց գլխավոր տնօրինության երկկողմ համագործակցությունը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ հատկապես ընդգծելով կանխարգելման և պատրաստվածության բարձրացմանն ուղղված ջանքերը։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության առնչությամբ՝ նշելով, որ ՀՀ փրկարար ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, տարածաշրջանում կայունության բարձրացմանը և կրելու է շարունակական բնույթ:

ՓԾ տնօրենը նաև հավելեց, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայիս բարեփոխումները միտված են հենց այդ կարողությունների զարգացմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խորացմանը:

Տիկին Յանսը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի պատվիրակությանը՝ ոլորտում ակտիվ ներգրավվածության համար և հաջողություն մաղթեց 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» վարժանքի կազմակերպման գործում։

  • Կիսվել: