հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ողջ տարածքում շարունակվում են վարակազերծման գործողությունները (տեսանյութ)

ՀՀ ողջ տարածքում շարունակվում են վարակազերծման գործողությունները (տեսանյութ)

ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջից։

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև գազալցակայանի սպասասրահներում:

ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել Բագրատաշենի մաքսային անցակետում և Այրում համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում: Վարակազերծվել են տարածքում կուտակված մոտ 200 բեռնատար ավտոմեքենաները և նրանց վարորդների հավաքատեղիները:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ստորաբաժանումների շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

  • Կիսվել: