ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Վահագտն Խաչատուրյանը շնորհավորել է Արգենտինայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 25-ին: 

«Շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ և ի դեմս Ձեզ հղում իմ լավագույն բարեմաղթանքներն Արգենտինայի ժողովրդին, Արգենտինայի նախագահին»:

Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին նշել է. 

«Շնորհակալություն, հարգելի պարոն նախագահ, այս ընդունելության համար: Մեզ համար շատ կարևոր և գնահատելի է Ձեր մոտեցումը, Ձեր պատրաստակամությունը՝ մեզ հյուրընկալել և աջակցել: Շնորհակալություն ևս մեկ անգամ ընդունելության և լավ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բարեկամական սերտ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ինչի կապակցությամբ դեսպան Վերգարան ընդգծել է Արգենտինայի պատրաստակամությունը լիարժեքորեն աջակցել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները:

  • Կիսվել: