երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ ինստիտուտի իրականացրած աշխատանքները ներկայացվել են Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին

ՀՀ ՄԻՊ ինստիտուտի իրականացրած աշխատանքները ներկայացվել են Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին:

Օրակարգում ներառված էին ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի կատարման վիճակն ու ոլորտային համագործակցությունն արդարադատության, ազատության և անվտանգության, մարդու իրավունքների ու ժողովրդավարության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, աշխատանքի և տնտեսական զարգացման, կրթության, երիտասարդության հարցերի, մշակույթի, սոցիալական քաղաքականության ոլորտներում։

Երկօրյա նիստերի ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցությունների շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրած զարգացումները, ինչպես նաև դեռևս արդիական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նախաձեռնությունները։

Մասնավորապես, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտային համագործակցության հարցերի քննարկման ընթացքում Նինա Փիրումյանը թիրախային անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրականացրած աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում փաստահավաք աշխատանքների շարունակականությունը, դրանցով արձանագրված՝ մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերն ու Մարդու իրավունքների պաշտպանի՝ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները:

Նա նաև հատուկ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծի մշտադիտարկման կառուցակարգերի կատարելագործման անհրաժեշտությանը՝ նշելով Օմբուդսմանի հաստատության դերակատարությունը։

Տիկին Փիրումյանն անդրադարձել է խտրականության դեմ պայքարի կառուցակարգերի օրենսդրական ու գործնական հիմքերի ամրագրման առաջնահերթությանը, գենդերային հավասարության հարցերին, ատելության խոսքի և ատելության շարժառիթով հանցագործությունների դեմ պայքարում իրավակիրառ մարմինների կարողությունների զարգացմանը և մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի։

ՀՀ-ԵՄ երկխոսության շրջանակներում բարձրաձայնված հարցերը շարունակական քննարկվելու են հետագա հանդիպումների ժամանակ։

  • Կիսվել: