չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀ իշխանությունը հրապարակել է «ArmSat-1» արբանյակի լուսանկարների օգտագործման ոլորտները

ՀՀ իշխանությունը հրապարակել է «ArmSat-1» արբանյակի լուսանկարների օգտագործման ոլորտները

 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, ներկայացրել է այն ոլորտները, որոնցում օգտագործվում են հայկական առաջին «ArmSat-1» արբանյակի կողմից արված լուսանկարները։
 
««ArmSat-1» արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարներն օգտագործվել են հիմնականում նկարահանող սարքի կարգաբերման աշխատանքների համար։ Արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության (չօգտագործվող հողերի վերհանում, բերքի կանխատեսում և այլն), բնապահպանության (կանաչապատ տարածքների, ջրային և բնական այլ ռեսուրսների մշտադիտարկում և այլն), քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար», – պատասխանել են նախարարությունից։
Գերատեսչությունից նշել են, որ տիեզերալուսանկարների մի մասն արվել է արբանյակի կառավարման հայ օպերատորների ուսուցման նպատակով։ Լուսանկարները ներկայացնելու խնդրանքին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ դրանք կհրապարակվեն առաջիկայում։
 
Նախարարությունը միաժամանակ չի տրամադրել արբանյակի կողմից արված լուսանկարները։
«Ոչ բոլոր տիեզերալուսանկարներն ու կոորդինատներն են (մենք խնդրել էինք տրամադրել լուսանկարներ` նշելով նկարված տարածքի կոորդինատները. խմբ.) ենթակա հրապարակման», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար ստեղծել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը կայացավ 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվեց «ArmSat-1»։

  • Կիսվել: