կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում քննարկվել են Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման հնարավորությունները

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում քննարկվել են Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման հնարավորությունները

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում՝ այսօր հանդիպել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Հայկ Սարգսյանը և ԵՄ ավագ փորձագետներ՝ Ալբերտո Մանտովանին,Արիանո Դոմինիկեն, ինչպես նաև ավագ փորձագետ Մելինե Բեգլարյանը, որոնք քննարկել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանն առնչվող հարցեր։ 
 
Տեսչական մարմնից հայտնում են՝ նկատի ունենալով, որ շուկայում էկոլոգիական և օրգանական արտադրանքների ի հայտ գալը նոր մարտահրավերներ է ստեղծում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար, նրանք կարևորել են Եվրոպական փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների ամրապնդումը՝ միտված Հայաստանի սպառողներին որակյալ և անվտանգ սննդամթերքով ապահովելուն։
 
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ, նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար, թեև  2022 թվականից ՍԱՏՄ ստուգաթերթերում ներառվել է Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգը, սակայն դրա լիարժեք կիրառումը պահանջում է կարողությունների շարունակական զարգացում։
 
Այս համատեքստում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակնկալում է աջակցություն համակարգային բարեփոխումների և վերահսկողության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում։
 
Տեղեկանք. Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, ուժի մեջ է մտել 2021թ. մարտից և սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ սննդամթերքի արտադրության, առևտրայնացման և արտաքին առևտրի ոլորտները։
 

  • Կիսվել: