կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ ԱՆ պատվիրակությունը մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին

ՀՀ ԱՆ պատվիրակությունը մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին՝ տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։

«Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին» Կոնվենցիան կարևորագույն բազմակողմ գործիք է, որի կիրառումը թույլ է տալիս ամբողջ միջազգային հանրությանը պաշտպանված լինել վարակիչ հիվանդությունների վտանգներից։

Վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակի պատճառով աշխարհում կանգ են առել կենսաբանական անվտանգության հարցերով և՛ փորձագիտական, և՛ անդամ-պետությունների մակարդակներով քննարկումները։ Այս հանգամանքը լուրջ վտանգ է նախկին ձեռքբերումների համար։ Նշենք, որ կենսանվտանգության հարցերով նման համաժողովներ տեղի են ունեցել 2017 և 2019 թվականներին։

Սոչիում տեղի ունեցած համաժողովի կազմակերպիչները պետական կազմակերպությունների, գիտական ասոցիացիաների և ոչ առևտրային ոլորտի ներկայացուցիչների համար հնարավորություն են ընձեռել ունենալու բաց քննարկումներ և խորացնելու համագործակցությունը գլոբալ կենսանվտանգության ապահովման հարցերում։

Երկօրյա համաժողովի ընթացքում պատվիրակները քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում վարակիչ սպառնալիքների նկատմամբ արագ արձագանքման փորձը, ինչպես նաև այս ոլորտում իրականացված գիտական հետազոտությունների հարցերը։ Քննարկումների հիմնական նպատակն է գիտատեխնիկական փոխգործակցության, փորձի փոխանակման միջոցով նպաստել կենսանվտագության ապահովման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Համաժողովին նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի հակազդմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների և այդ ոլորտում միջազգային համագործակցության իրականացման փորձի վերաբերյալ ելույթով։

Լենա Նանուշյանը մասնակցել է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպված՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Պատվիրակության մյուս անդամը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում իրականացված գիտագործնական գործունեության մասին զեկույցով։

Համաժողովը միաժամանակ հնարավորություն է ընձեռել գործընկերների հետ ավելի սերտ միջավայրում քննարկելու կենսանվտանգության ապահովման ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սերտ համագործակցում են նշված ոլորտում, որի վառ ապացույցն է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում ՀՀ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի միջև ստորագրված Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում ռուսական կողմը Հայաստանին նվիրաբերել է շարժական լաբորատորիա՝ նախատեսված վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման, արձագանքման և ինդիկացիայի համար։

  • Կիսվել: