չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բա ինչի՞ Արմեն Գրիգորյանի, Ղարիբ Բաբայանի, մյուսների դեպքում չեն ասում՝ դե մարդ է, այլ տանում էին կալանքի.Լևոն Քոչարյան

Բա ինչի՞ Արմեն Գրիգորյանի, Ղարիբ Բաբայանի, մյուսների դեպքում չեն ասում՝ դե մարդ է, այլ տանում էին կալանքի.Լևոն Քոչարյան

ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձավ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։

Նա, մասնավորապես, նշեց. «Շատ հաճախ մոռացվում է սկիզբը և վերջը. ի՞նչ է ուրեմն տեղի ունեցել, ակտիվիստ Արթուր Չախոյանը խնդիր է տեսել մանկապարտեզի շինարարության, ծախսված գումարների, մսխումների հետ կապված, դրա մասին հարց է բարձրացնում, հետո հետևում է թաղապետի զանգը, սեռական բնույթի հայհոյանքները, որին ի պատասխան Արթուրը և Մեսրոպ Մանուկյանը Երևանի ընդդիմադիր ավագանու անդամը քաղաքական ակցիա են իրականացնում և այն, ինչ ասել է թաղապետը, շատ պատկերավոր ձևով նկարի հետ կապված են անում։ Հաջորդ օրը բոլորիս հայտնի ծեծն է լինում, թաղապետը իր ընդունարանում ծեծում է Արթուր Չախոյանին։

Ու սրան հետևում է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության հայտարարությունը, որ իբր քննադատելով այս երևույթը, բայց ավելի շատ շեշտը դնում են նրա վրա, թե իրավապահները ինչի մի օր առաջ հստակ գնահատական չեն տվել։ Դրան արդեն հետևում է այն, որ ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվում ծեծվողի վրա, քան այն մարդու վրա, ով ծեծել է։

Ու ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված. ընդհանուր չընդունելով բռնությունը, ասում է՝ դե մարդը կարող է ինքնատիրապետումը կորցնել։

Հիմա օրինակ, երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտք է արտահայտել ժամանակին, չեն ասել՝ մարդ է, կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի։ Ի վերջո, էդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։

Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանական ակցիայից Հանրապետության հրապարակում, չեն ասել՝ մարդ է, տուն–տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում, տանում են դատարան։

Երբ Վազգեն Սաղաթելյանը ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց իշխանությունների մասին, չեն ասում՝ մարդ են, ի վերջո, էլի սխալ բան երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի՝ դեմքը սեղմելով ասֆալտին։

Կա Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի դեպքը, նույն ձև դատավորին ասել են՝ օրինակ, դուք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունո՞ւմ եք, վնգստացող դատավոր համարո՞ւմ եք, տարել են կալանքի»,–ասաց նա։

Լևոն Քոչարյանի խոսքով, երբ հարցը հասնում է իրենց, արդեն ասում են՝  դե մարդ է։ «Քննչականի ղեկավարն էլ լուրջ դեմքով երեկ փորձում էր համոզել, որ այն, ինչ արել են իրենք, ավելի թույլ հանցանք է, քան օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը։ Հասկանու՞մ եք։ Սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճչացող են»։

  • Կիսվել: