հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հերթականը՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկներից». «Փաստ»

Հերթականը՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկներից». «Փաստ»

Վերջին օրերին, հակաիշխանական հանրահավաքների և ներքաղաքական իրավիճակի հետ կապված, իշխանությունը ակտիվացրել է իր տիրապետության տակ գտնվող բոլորին՝ ինչ հնարավոր է, սկսած 2018 թվականից «քնեցրած» սոցցանցային ֆեյքերից մինչ տարատեսակ պաշտոնյաների, որոնք լծվել են ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու, վիրավորանքներ շաղ տալու, հանրահավաքների մասնակիցներին աշխատանքից հեռացնելու և այլ ճնշումներ գործադրելու «սուրբ» գործին։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:

Այստեղ քիչ չեն նաև «Հռոմի պապից ավելի կաթոլիկները», որոնք փորձում են իրենց լուման ներդնել նշյալ «առաքելությանը»:

Ի մասնավորի, հեռահաղորդակցության լիցենզիաներ տվող և վերահսկող մարմնի՝ ՀՌՀ նախագահն էլ, կարծես, իր լիազորությունների շրջանակում է փորձում իշխանությունների՝ գնալով մեծ թափ ստացող քաղաքական բռնաճնշումների «գործին» իր աջակցությունը բերել, այդ թվում՝ այդ ակցիաները լուսաբանող հեռուստաընկերությունների վրա «մատ թափ տալու» մասով։ Մասնավորապես, հունիսի 3-ի Պռոշյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունների, անգամ հատուկ միջոցներ կիրառելու ֆոնին, Հակոբյանը գրառում է անում, թե պետք է լիցենզիայից զրկել 2 հեռուստաընկերության։ Համացանցում միանգամից համոզմունք հայտնեցին, որ խոսքը «5-րդ ալիք» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների մասին է, որոնք, ի տարբերություն իշխանական ազդեցության տակ գտնվող ալիքների, ակտիվ լուսաբանել են հակաիշխանական և քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ուշագրավ է, սակայն, որ ինչպես հենց այդ օրն էր հայտնի դարձել, «5-րդ ալիքն» ունեցել է տեխնիկական վթար և ստիպված ցուցադրել է մի շարք ֆիլմեր, որպեսզի գոնե եթերը չընդհատվի, իսկ կառավարական ամառանոցների դարպասների մոտ իրադարձությունների մասին տեսանյութեր ցույց է տվել մեկ օր անց, երբ վերականգնել է իր տեխնիկական հնարավորությունները վթարից հետո։ Ստացվում է՝ Տիգրան Հակոբյանը այդ պահին գրում է մի բանի մասին, որը չէր էլ եղել։ Դեռ մի կողմ դնենք, թե Հակոբյանն արդյո՞ք իրավունք ունի հեռակա ու հրապարակային սպառնալու մասնավոր հեռուստաընկերություններին, գրաքննելու: Ոչ պակաս էական է ՀՌՀ նախագահի ընդգծված իշխանահաճո վերաբերմունքը և ցույց տալը, թե որքան լավ է «աշխատում»։

Իհարկե, վերը նշված ձգտումների մասով: Այնուհետ հանձնաժողովը տարածում է հաղորդագրություն, ապա և Հակոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշում է, թե «Երկիր Մեդիան» էլ սերիալ է ցույց տալիս, որտեղ «համամարդկային արժեքների նսեմացում և վարկաբեկում է» ցույց տրվում, կա հայհոյանք և այլն։ Այս սերիալի հետ կապված հեռուստաընկերության տնօրենը մանրամասն մեկնաբանություն տվել է, ավելացնելու կարիք հաստատ չկա: Այս ամենը հիմք է տվել շատ-շատերին պնդելու, որ գործ ունենք կոնկրետ քաղաքական վերաբերմունքի և քաղաքական նկատառումներով հեռուստաընկերությունների վրա ճնշում գործադրելու ցանկության հետ: Ի դեպ, «չար լեզուներն» ասում են, որ Տիգրան Հակոբյանը ժամանակին շատ էր հարգում ու գնահատում Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանի մասին նույնպես բավականին հարգանքով է արտահայտվել: Հիմա, փաստացի, ակտիվորեն ի ցույց է դնում իր «նիկոլասիրությունը»: Իհարկե, ապրել պետք է, գուցե նաև շատ զարմանալի չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող մեկի մերձավորները նորմալ պաշտոնների են անցնում, ասենք, ԱԳՆ-ում կամ օրվա իշխանության ներկայացուցչի հետ ասոցացվող բանկում: Սակայն, երևի թե, անկախ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, առավել ևս՝ նախագահը, այդ հանձնաժողովի իրավասության և հենց անկախության հիմքերում պետք է լինի, այլ ոչ թե մտնի քաղաքական դաշտ ու «հաթաթաներ» տա մասամբ իր ղեկավարած կառույցի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններին:

Հ.Գ. - Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին: Ընդ որում, բերման էին ենթարկել ոչ թե տանից, ոչ թե փողոցից, այլ հենց հեռուստաընկերությունից, ցուցադրաբար, աշխատակազմի ներկայությամբ: Ավելին, խոսքը մոտ երկու տարի առաջվա վաղեմություն ունեցող չափազանց կասկածելի մի քրգործի մասին է: Դե, ինչպես ասում են, պատահականություններ չեն լինում...

  • Կիսվել: