երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կատարվում են ամենօրյա բակային համայցեր

Հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կատարվում են ամենօրյա բակային համայցեր

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ-ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

Իրականացվում է դեղորայքի պահանջարկի վերաբերյալ կարիքի գնահատում և, ըստ անհրաժեշտության, դեղամիջոցների և բժշկական առաջին անհրաժեշտության պարագաների բաշխում:

Կատարվում է խմելու ջրի մշտադիտարկում: Մինչ այժմ էական շեղումներ չեն հայտնաբերվել, թեև բնակչությունը զգուշացվում է` համի, հոտի, գույնի փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես պատկան մարմիններին դիմելու մասին:

Իրականացվում են նաև ախտահանման և վարակազերծման՝ դեզինսեկցիոն և դեռատիզացիոն միջոցառումներ: Մասնագետները նշում են, որ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ այսօր Քարկոփ բնակավայրում ջրհեղեղից տուժած բնակչության հետ աշխատում է նաև «Արփի» ՀԿ-ի հոգեբանների խումբը:

  • Կիսվել: