ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնի են առողջության ապահովագրության փաթեթում ներառված ծառայություններն ու պայմանները

Հայտնի են առողջության ապահովագրության փաթեթում ներառված ծառայություններն ու պայմանները

«Առողջության համապարփակ ապահովագրության» մասին օրենքի նախագիծն արդեն e-draft հարթակում է։

Նախագծից պարզ է դառնում, որ ապահովագրության փաթեթում ընդգրկված ծառայություններն են՝ կանխարգելիչ, բուժական, խորհրդատվական, պալիատիվ, դեղորայքային օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև՝ ախտորոշիչ հետազոտություններն և վերականգնողական բուժումները։ 

Ապահովագրավճարը վճարելու օրվան հաջորդող ամսվա մեկից անձը կարող է ստանալ ապահովագրված անձի կարգավիճակ, որը  գործելու  է մինչև  ապահովագրված անձի կարգավիճակը դադարելու ամսվա վերջին օրը։

Վկայագիրը ապահովագրված անձին տրամադրվելու է առողջության առաջնային պահպանման այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ անձը գրանցված է։  Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը տարեկան պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելն է:

Այսպիսով, Լիազոր մարմնի կողմից քաղաքացիներին տրամադրվելու  է առողջության համապարփակ ապահովագրության վկայագիր։  Վկայագրի հետ միասին տրվելու է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ներառված են լինելու ապահովագրված անձի իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ օրենքի նախագծի՝ ստեղծվելու է նաև ռեգիստր, որտեղ ներառված պետք է լինեն ապահովագրված անձի տվյալները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդման արդյունքում նախատեսվում է բոլոր ապահովագրված անձանց համար նախատեսել միևնույն ծածկույթը, անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից (տարբերությունները կարող են պայմանավորված լինել միայն տարիքով և սեռով պայմանավորված հատուցումների առանձնահատկություններով)։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին e-draft հարթակում հանրային քննարկման էր դրվել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի հաստատումից հետո նախարարությունը սկսեց օրենքի նախագծի շուրջ քննարկումները:

  • Կիսվել: