Հայտարարված է մրցույթ՝ մենթոր դպրոցների ընտրության համար․ Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարված է մրցույթ՝ մենթոր դպրոցների ընտրության համար։
«Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես տեղեկացրել էինք նախօրոք, ուսուցչի բացակայությամբ որևէ առարկա չդասավանդող մարզային դպրոցների համար իրականացնում ենք էլեկտրոնային ուսուցմամբ աջակցության ծրագիր, որը հնարավորություն է տալու ընտրել մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչներն այնուհետև կիրականացնեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում այդ առարկաների ուսուցումը՝ էլեկտրոնային ուսուցման եղանակով, բնականաբար վճարովի հիմունքներով։ Այս մոտեցմամբ կօգնենք թե այն դպրոցներին, որտեղ երեխաները որևէ առարկա չեն ուսանում՝ ուսուցչի բացակայության պատճառով, թե կզարգացնենք դպրոցների կարողությունները՝ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ՝ միաժամանակ խթանելով դպրոցական փոխօգնությունը։
Այժմ հայտարարված է մրցույթ մենթոր դպրոցների ընտրության համար։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է։ Խնդրում եմ տարածել և դիմել։ Բոլոր մանրամասները՝ այստեղ»,-նշել է նա: