երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը, դա կեղծ լուր է. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը, դա կեղծ լուր է. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Հակարիի կամուրջից այս կողմ ես միայնակ եմ, հարազատներս գտնվում են Արցախում: Այսօր հույսս ձեզանից յուրաքանչյուրն է, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Խնդրում եմ բոլորիդ, կանգնեք կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով:

Ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս:

«Հայրս Երևան էր տեղափոխվում սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր: Բոլոր հիվանդները տեղափոխվել են Հայաստան, միայն հայրիկիս առևանգել են: Մենք ոչ մի տեղեկություն չունենք հորիցս, միայն այն, որ ասել են Բաքվի հիվանդանոցում է»,- ասաց նա:

Խաչատրյանի դուստրը հերքել է հոր մասին շրջանառվող մի շարք տեղեկություններ:

«Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացաձակ իրականությանը չեն համապատասխանում: Վերջերս ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիսնե՛րս, դա կեղծ լուր է: Նա բավականին հավասարակշռված, զուսպ կերպար է: Այն նկարները, որ համացանցում տարծվում են, իբրև թե հորս երիտասարդ ժամանակվա նկարներն են, ևս իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորս նկարները չեն»,- ասել նա:

Ըստ Վերա Խաչատրյանի Վագիֆ Խաչատրյանը շատ ծանր առողջական վիճակում էր:

«Հայրս շատ վատ առողջական վիճակում էր, պետք է բաց վիրահատություն տաներ, ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ նա ողջ է, սիրտը դիմացել է, թե ոչ»,- ասաց նա:

Առևանգված քաղաքացու դուստրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց խնդրանքով է՝ տեղեկություն բերել, ինչ-որ կերպ օգնել:

«Չէ՞ որ այս կազմակերպությունն ամբողջ աշխարհում իր լծակներն ունի: Ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակից, այլ առհասարակ բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս: Ամեն մեկն իր լծակները թող կիրառի ու հայրիկիս վերադարձնի: Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործ չէ, իր կյանքն ապրել է արժանապատիվ, ոչ ոք իրավասու չէ նրան հանցագործ անվանել»,-ասաց Խաչատրյանը:

Վագիֆ Խաչատրյանի դուստրը հայրենակիցներին խնդրում է օգնել հորը վերադարձնելու հարցում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: