հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողով

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողով

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, ընդհանուր մանկաբուժությանը, նեոնատոլոգիային, մանկական ներզատաբանությանը եւ մանկական սրտաբանությանը: Այն կազմված է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:

Հաշվի առնելով համավարակի պայմանները՝ միջազգային համաժողովը կազմակերպվել է հիբրիդ ձեւաչափով՝ սահմանափակ թվով մասնակիցներ դահլիճում էին, մինչդեռ մյուսները համաժողովին մասնակցում էին առցանց: Բացմանը ելույթ ունեցան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը (առցանց), ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Մալայանը (առցանց), Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին (առցանց):

«Շատ ուրախալի է տեսնել, թե ինչպես են զարգանում այս ամենամյա համաժողովները, որոնց սկիզբը դրվել է 1992 թվականից, երբ ԱՄՆ-ից ինձ հետ Հայաստան էին այցելում ճանաչված ակնաբույժներ եւ Հայաստանի գործընկերներին ներկայացնում իրենց փորձն ու հմտությունները: Անհամբեր սպասում եմ բոլորիդ տեսնել հաջորդ տարիներին, երբ ինքս կկարողանամ Հայաստանում լինել», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

«Անգնահատելի է բժիշկ Ռոջեր Օհանեսյանի դերը Հայաստանում ակնաբուժության ճյուղի զարգացման հարցում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների եւ ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ բժշկական այս կառույցի աշխատանքը միտված է կուրության կանխարգելման նպատակով բուժման եւ ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը: Առողջապահության նախարարությունը խիստ կարեւորում է ասոցիացիաների կողմից կազմակերպված նմանատիպ միջոցառումների նախաձեռնումը եւ անցկացումը», – ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

«Արդեն 11 տարի է անցել, ինչ բժիշկ Ռոջեր Օհանեսյանը առաջին անգամ ինձ պատմեց Հայկական ակնաբուժության նախագծի մասին: Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները միայն խորացել եւ ընդլայնվել են: Մենք մշտական կապ ունենք Հայաստանի եւ նրա զավաների հետ: Իսկապես ոգեւորված եմ մեր համատեղ ապագայով եւ անհամբեր սպասում եմ հաջորդ տարի Հայաստան իմ վերադարձին», – ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

«Մեր այս հիբրիդային համաժողովը մեկ քայլ առաջընթաց է անցյալ տարվա համեմատ, երբ մեր հանդիպումներն ամբողջությամբ առցանց էին, թեեւ այս տարի եւս համաճարակային իրավիճակից ելնելով, մենք ատիպված են եղել սահմանափակել ներկաների թիվը՝ միեւնույն ժամանակ հնարավորություն ենք ստեղծել բոլոր ցանկացողներին առցանց հետեւելու այս համաժողովին», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Միջազգային համաժողովի ընդգրկուն ծրագիրը նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, մանկական սրտաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:

Ակնաբույժների համար նախատեսված եռօրյա համաժողովին (սեպտեմբերի 24-26) կներկայացվեն զեկույցներ՝ նվիրված գլաուկոմային, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, նեյրո-ակնաբուժությանը եւ օկուլոպլաստիկային, ցանցաթաղանթի հիվանդություններին, մանկական ակնաբուժությանը եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, տեղի կունենան մասնագիտական քննարկումներ: Համաժողովի օրերին Հայկական ակնաբուժության նախագծի մի խումբ բժիշկ կամավորներ մասնագիտական առաքելությամբ կայցելեն Հայաստան՝ վարպետաց դասեր անցկացնելու եւ գործընկերների հետ բարդ դեպքեր քննարկելու նպատակով:

Մանկաբուժական համաժողովը կանցկացվի Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի 7-րդ Ազգային մանկաբուժական կոնֆերանսի  եւ ՀԱՆ-ԼԱՄՀ 19-րդ միջազգային համաժողովի շրջանակներում՝ հոկտեմբերի 28-30-ը: Կոնֆերանսի առաջին օրը ամբողջությամբ նվիրվելու է ՔՈՎԻԴ-19 վարակին եւ դրա հետեւանքներին, ներկայացվող զեկույցների շարքում  առանձնահատուկ ուշադրության կարժանանան համավարակի պայմաններում մանկական առողջության արդիական հարցերը, նորածնային հասակի խնամքը, երեխաների հոգեկան առողջությունը եւ պալիատիվ խնամքը:

Նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների եւ մանկական սրտաբանների համար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացվեն աշխատաժողովներ, որոնց շրջանակներում հայ մասնագետները կունկնդրեն արտասահմանցի գործընկերների ելույթներ, կներկայացնեն սեփական փորձը եւ առցանց քննարկումներ կանցկացնեն մանկական հիվանդությունների հայտնաբերման եւ բուժման արդի մոտեցումների շուրջը:

ՀԱՆ-ԼԱՄՀ 19-րդ միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:

  • Կիսվել: