չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ. թուրք լրագրող

Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ. թուրք լրագրող

Ես հավատում եմ, որ Հայաստանը, Թուրքիան եւ Արբեջանը ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է «TGRT» թուրքական տեղեկատվական գործակալության արտասահմանյան լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները։

Նա նշել է պատմության վատ էջերը փակելու անհրաժեշտության մասին։

«Հայաստանը եւ Թուրքիան կարող են դեսպաններ փոխանակել։ Դա կարեւոր է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։ Ընդ որում՝ միջնորդների կարիք չկա։ Մենք պետք է երկխոսությունն ինքներս կազմակերպենք։ Որոշ երկրներ օգնում են, բայց դրա անհրաժեշտությունը չկա»,- ընդգծել է Դիները։

Նրա համոզմամբ՝ հայ եւ թուրք ժողովուրդները ցանկանում են տեսնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվում են։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է։ Ես կուզենայի ապրել խաղաղության մեջ Հայաստանի հետ։ Ես համոզված եմ, որ մենք պետք է հայերի հետ խաղաղ ապրենք։

Ինչպես ասել է նախագահ Էրդողանը, խաղաղությունը Հարավային Կովկասում կարեւոր է, եւ դրան դժվար չէ հասնել։ Հայերը եւ թուրքերը պատմականորեն կապված են միմյանց հետ։ Ստամբուլում, Մուշում, Մալաթիայում շատ հայեր են ապրում։ Ես ապրում եմ Ստամբուլում, իմ հարեւանը հայ է։ Մենք պետք է հարգենք միմյանց»,- նշել է նա։ 

  • Կիսվել: